Պարետ, փոխվարչապետ Ավինյանի որոշմամբ այսօրվանից աշխատում է հանրային տրանսպոտը, քաղաքացիները կարող են գնալ աշխատանքի, երկու դեպքում էլ՝ անհրաժեշտ պայման է դիմակի և ձեռնոցների առկայությունը։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը շրջեց Երևանի երկու վարչական շրջաններով՝ պարզելու, թե որքանով են մեր քաղաքացիները հետևում անվտանգության նորմերին և դադարից հետո ինչպես է աշխատում հանրային տրանսպորտը։ Զարմանալի է, բայց մեր շրջած կանգառներից յուրաքանչյուրում կար առնվազն չորս ոստիկան։

 

Նրանք հետևում են ինչպես կարգ ու կանոնին, այնպես էլ հսկում, թե արդյոք քաղաքացիները կրում են դիմակ և ձեռնոցներ։ Իհարկե, չէին բարձրանում տրանսպորտ, բայց մեքենայի կանգնելուն պես մոտենում են՝ ուշադիր զննելով, թե ավտոբուսում կան քաղաքացիներ, ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները, եթե այդպիսիք կան, ապա շատ քաղաքավարի զգուշացնում են անվտանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին։ Պետք է նշենք, որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 80 տոկոսը պահպանում է կարգը։

Գրեթե նույն պատկերն է նաև փողոցում ուղղակի քայլող քաղաքացիների շրջանում։ Մեզ հանդիպած հանրային տրանսպորտի վարորդները և ձեռնոցներով, և դիմակով էին։ Նախկինի հետ համեմատ, հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները այնքան էլ շատ չեն և ավտոբուսները կիսադատարկ են: Սա, թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ ոչ բոլոր գործատուներն են վերսկսել աշխատանքները։ Պատկերն այլ էր բանկերի մոտ, նախկինի պես՝ այնտեղ կար քաղաքացիների անկանոն հերթ և ոչ բոլորն էին դիմակներով և ձեռնոցներով։

Կարող ենք նաև ֆիքսել, որ մեր համաքաղաքացիները բավականին զգույշ են և հանրային տրանսպորտում իրարից հեռու են նստում։