Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր գրառմամբ հեգնել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին: Հիշեցնենք, որ Վանեցյանն էլ իր հերթին Թվիթերում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ անհապաղ պետք է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»- գրել էր Վանեցյանը:
Թերևս, Արսեն Թորոսյանն այն կարծիքին չէ, որ օրը 200-300 նոր վարակման դեպքերը հումանիտար աղետի նախանշաններ են, և դա է պատճառը, որ նախարարը կառավարության նիստի ժամանակ ավելի լուրջ զբաղմունք չի գտել, քան սոցիալական ցանցերում զվարճանալը: Ընդ որում, հարկ է նշել, որ զվարճանալը չտվեց Արսեն Թորոսյանի սպասված արդյունքը. մարդիկ, ովքեր իր գերատեսչության անկազմակերպ աշխատանքի պատճառով շարունակում են լինել կորոնավիրուսի անմիջական թիրախում, հումորը չգնահատեցին և պահանջեցին, որպեսզի նախարարը սարկազմը մի կողմ դնի և վերջապես սկսի աշխատել: Թորոսյանի համար նման արձագանքն անսպասելի կարելի է համարել՝ հաշվի առնելով մեկ տարի առաջ նույն սոցիալական ցանցի օգտատերերի կողմից իր աստվածացումը, վարչապետի թեկնածու կարգելը, իմ սրտի նախարար հեշթեգով ֆլեշմոբեր կազմակերպելը: Սակայն, ժամանակն անցնում է՝ հանրային սերն էլ հետը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանը սխալ ժամանակ սխալ գործերով է զբաղված: Կորոնավիրուսի տարածման ամենաթեժ փուլում առողջապահության նախարարը ոչինչ ավելի խելացի չէր գտել, քան ուղիղ եթեր մտնել և բողոքել Վճռաբեկ դատարանի որոշումից, համաձայն որի՝ Թորոսյանը պետք է հրապարակային հերքի և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից։ Ստեղծված իրավիճակում, երբ առողջապահական համակարգը կոլապսի մեջ է, նախարարն անգամ ֆեյսբուք մտնելու ժամանակ չպետք է ունենար, սակայն, ինչպես երևում է, Արսեն Թորոսյանն ամեն ինչի համար է ժամանակ գտնում, բացի աշխատանքից: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք. օր օրի թարմացվող հակառեկորդներ, վարակվածների թվի երկրաչափական աճ: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ վիրուսի հետ կապված գործերը լավ չեն և պետք է փոխվի քաղաքականությունն այս հարցում: Իսկ գուցե՞ խնդիրը քաղաքականությունը չէ, այլ՝ ոչ պրոֆեսիոնալ կադրերը և պետք է փոխել առաջին հերթին հենց նրանց…