Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունները' ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում' ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ի ժամը 24-ը, կարող են օգտվել նաև հեռուստառադիոեթերից:Ընտրական օրենսգրքի համաձայն' Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական ուժը քարոզարշավի ողջ ընթացքում իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ վճարովի հիմունքներով' համապատասխանաբար ոչ ավելի, քան 50 րոպե և 80 րոպե:
Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսահմանի ապրիլի 1-ի նիստում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագինը սահմանել է 80 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, իսկ Հայաստանի հանրային ռադիոընկերությունը' 3 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ են տրամադրում ևս 10 հեռուստաընկերություններ և 3 ռադիոընկերություններ: Ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը՝ մեկ րոպեի համար 120 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Այն պատրաստ է եթերաժամանակ տրամադրել ամեն օր' ժամը 18.00-ից մինչև 23.15-ը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մինչև 7 րոպեի սահմաններում:Ամենացածր սակագինն առաջարկում են «Երևան» և «Լայմ» հեռուստաընկերությունները՝ մեկ րոպեի համար 15 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:Ռադիոընկերություններից «ՖՄ 105.5»-ը 1 րոպեի համար սահմանել է 3 հազար 120 դրամ, «Ռադիո ՖՄ 107»-ը' 2 հազար 800 դրամ, «Ռադիո Հայ»-ը' 2 հազար 400 դրամ: