Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի դատական նիստի ընթացքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեմ ցուցմունք տված խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանը կրկին հրաժարվեց իր՝ արդեն տված ցուցմունքից:
«Ես չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց»,- նշեց նա և հայտարարեց, որ գրավոր ցուցմունքում իր բառերը չեն:
«Իմ տեսադաշտը փակ է եղել, ես նրան կրակելուց չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ զենքով: Այդ ժամանակ ես ոչ մեկին չեմ ճանաչել, ունեցել եմ տեսողության խնդիր: Գրավոր ցուցմունքում այդ ամենը իմ բառերից չէ, շարադրել են այնպես, ինչպես քննչականում են ուզել: Իրենց մտքերով շարադրվել է, և բերել, գրել են իմ անունից: Ի զորու չեմ եղել այդ պահին ինչ-որ բանի համար կոնֆլիկտի մեջ մտնել նրանց հետ: Ես ոչ մեկին չեմ տեսել կրակելուց»,-ասաց Էդգար Սողոմոնյանը և պնդեց, որ իրենից ցանկացել են ցուցմունք կորզել:
Նշենք, որ նույն ցուցմունքից Սողոմոնյանը հրաժարվել էր նաև փետրվարին տեղի ունեցած նիստի ժամանակ, նա նշել էր. «Արմեն Բիլյանի ձեռքին զենք չեմ տեսել, հետս մի քիչ լարվածություններ են եղել, բայց ես իրականում չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց։ Ես ինքնակամ ցուցմունք եմ տալիս, ուղղակի իմ խղճի համար, խիղճս տանջում էր և որոշեցի խոսել, ոչ ոք ինձ չի ասել։ Ես այն ժամանակ վախի զգացում եմ ունեցել. մի խոսքով, ես այդ ցուցմունքից հրաժարվում եմ և բոլորի մոտ ասում' ես Բիլյանին կրակելուց չեմ տեսել»: