Արարատի մարզի Ազատավան համայնքում կորոնավիրուսով վարակված  66-ամյա կնոջն անուշադրության են մատնել։ 9 օր է՝ կնոջ ջերմությունը չի իջնում, ջերմում է նաև նրա ամուսինը, նրանք երկուսն էլ խրոնիկ հիվանդություններ ունեն։ Վարակակիրներին խնամում է հղի հարսը, ով ունի նաև մեկ ու կես տարեկան երեխա։ Քաղաքացիները բազմիցս զանգել են հիվանդանոց, շտապ օգնություն, նաև թեժ գիծ, սակայն նրանց խնդրով զբաղվողներ չեն գտնվել։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ընտանիքի աղջկա՝ Մարիամ Թադևոսյանի հետ։

 

«Մայիսի 24-ին մայրս ջերմել է, սկզբի մի քանի օրը մտածեցինք, թե մրսածություն է, կանցնի։ 6 օր մենք դեռ մտածում էինք, որ կանցնի, բայց գնալով ավելի վատացավ վիճակը, ջերմությունը հասել էր 39 ու կեսի։ Շտապ օգնություն ենք կանչել, եկել են, ստուգել ու ասել են, որ ախտորոշումը կորոնավիրուսի է։ Շտապ օգնությունը թեժ գիծ է զանգել, եկել են մայրիկիս տարել են Երևան, թեստավորել են ու բերել են տուն»,- պատմում է աղջիկն ու նշում, որ մինչև պատասխանի գալը, նաև դրանից հետո մոր ջերմությունը չի իջել 38 ու կեսից։

Թեստի պատասխանը դրական է եղել, հիվանդանոցից զանգել, ասել են, որ կգան, կնոջը հիվանդանոց կտեղափոխեն։ Դրանից հետո սկսել է ջերմել նաև աղջկա հայրը, ընտանիքի անդամները խնդրել են հորը ևս թեստավորել, սակայն հիվանդանոցն օրեր շարունակ հետաձգում է և՛ թեստավորումը, և՛ արդեն հաստատված դեպքի հոսպիտալացումը։ 

«Մամաս սրտի քրոնիկական հիվանդություն ունի, իսկ հայրս՝ թոքերի։ Հայրս սկսել է ջերմել մորս ջերմելուց 5 օր անց։  Արդեն 5 օր է՝ հայրս ջերմում է։ Տանը հղի հարսս է, ու փոքր երեխան։ Նա է խնամում ծնողներիս, մորս հորդորով անտիբիոտիկ է սրսկում, դրանով մի քիչ իջեցնում են ջերմությունը, բայց ոչ մի բարելավում չի լինում։  Այս ամենը լավ իմանալով՝ Ազատավանի բժիշկը, նաև տնօրենն անձամբ զանգել են հորս ու ասել՝ դու քո միջոցներով հասի հիվանդանոց, թեստավորվի։ Հորս զանգերին ի պատասխան էլ հիվանդանոցից նախ ասում են սպասեք, կգանք, հաջորդ օրը զանգում են, ասում, թե չի ստացվում մեր գալը, վաղը կգանք, մյուս օրն էլ զանգում, ասում են դուք ձեր միջոցներով եկեք։ Մոռացել են նրանց մասին, չեն ուզում հիշել։  Էսպես են կանխում վարակի տարածումը, էսպես են մարդկանց կյանքեր փրկում․․․»,-նշում է աղջիկը և ավելացնում, որ արդեն ճարահատյալ այսօր զանգել են գյուղապետին, խնդրել, որ մի բան ձեռնարկի։ Ասել է՝ մի բան կանենք, թե երբ, ոչ ոք չգիտի։

Մարիամի տեղեկացմամբ՝ գյուղում այս իրավիճակում հայտնված այլ ընտանիքներ էլ կան, որոնց ոչ ոք չի ուզում լսել։

Մեր հարցին, թե որտեղ կարող էր մայրը վարակվել, արդյոք տնից դուրս եկել են, աղջիկը պատասխանեց․ «Մայրս աշխատում էր Նորագավիթի կարի արտադրամասում, իրենք երկար ժամանակ չէին աշխատում։ Հետո, երբ իրենց գործի կանչեցին, մենք որոշեցինք, որ նա պիտի դուրս գա աշխատանքից, որովհետև վտանգավոր էր մնալը։ Իրեն խնդրել էին միայն մի շաբաթ շարունակել աշխատել և փոխարինել թաղում գնացած իրենց մյուս աշխատակցին։  Մայրս ստիպված մնացել է, մեկ շաբաթ անց դուրս է եկել աշխատանքից ու օր անց հիվանդությունն ի հայտ է եկել»։

Մենք փորձում ենք կապ հաստատել համայնքի ղեկավարի, նաև հիվանդանոցի տնօրենի հետ, որը մեզ դեռևս չի հաջողվում։