Երևանում Մարտիրոս Սարյանի արձանը շրջապատող այգու տարածքում հայտնի նկարների վերնիսաժն է: Ամեն օրվա պես այսօր էլ այնտեղ աշխատող նկարիչ-արվեստագետներն զբաղված էին իրենց մասնագիտական աշխատանքով՝ նկարելով և դրանք վաճառելով: Ներքաղաքական ստեղծված իրավիճակի, իրադարձությունների զարգացումների շուրջ զրուցեցինք նրանց հետ: Արվեստագետներն առանձնապես հետաքրքրված Երևանում Մարտիրոս Սարյանի արչէին և խորությամբ տեղեկացված չէին ներքաղաքական անցուդարձից:
«Անիմաստ գործ է: Ոչ մեկին Հայաստանի ապագան չի հետաքրքրում: Կարող ա ինչ-որ մեկը մի փոքր առավելություն ունենա մյուսի նկատմամբ, մեկը մի փոքր պակաս լինի, բայց, միևնույնն ա, որևէ մեկը իր բուն գործով չի զբաղվում: Լուրջ չեմ վերաբերվում: Շատ ափսոս, որ լրջություն չեմ տեսնում»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց նրանցից մեկը:
Նկարիչները նշեցին՝ քանի որ աշխատում են այնպիսի տարածքում, որտեղ հիմնականում կազմակերպվում են ընդդիմության հավաքներն ու ցույցերը, այդտեղից որոշ իրադարձությունների տեղեկանում են: Իսկ մնացած կուսակցությունների գործունեությունից ոչինչ չեն իմանում: Հեռուստացույց գրեթե չեն դիտում, քանի որ ժամանակը չի հերիքում, երբեմն որոշ բաներ կարդում են facebook սոցիալական ցանցում: «Ոչ մի տպավորություն չկա, որ քաղաքական գործիչները Հայաստանի մասին են մտածում: Տպավորություն է ստեղծվել, որ նրանց նպատակն է միայն իրար սևացնել, իրար անուններ կպցնել, իրար ասել՝ ես ճիշտ եմ, դու սխալ ես, սա սև ա, սա սպիտակ ա… Միայն անձնական նպատակներ են, ցավոք»,- ասաց նկարիչներից մեկը:
Այն հարցին, թե որ քաղաքական ուժին կցանկանային տեսնել հաղթողի դիրքում առաջիկա ավագանու ընտրություններում, պատասխանեցին. «Գիտեք ինչ, քաղաքական ուժ ասելը ես լավ չեմ հասկանում: Էն հայ մարդուն, որը կարող է քաղաքի համար մի լավ բան անել: Ինձ քիչ ա հետաքրքրում՝ էս քաղաքական ուժն ա, թե էն»:
Արվեստագետները ցանկացան, որ և Երևանում, և Հայաստանում առհասարակ օրենքները խստիվ հարգվեն, կարգուկանոն լինի: Նրանցից մեկը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց այժմ զբաղվում է նկարչությամբ, խնդրեց, որ Երևանի ապագա քաղաքապետը լուրջ ուշադրություն դարձնի քաղաքաշինությանը. «Թող չանտեսեն ճարտարապետներին: Բոլորովին գեղեցիկ չէ, որ քաղաքի շատ տեղեր կառուցապատված են տարերայնորեն, որում խոսել է ոչ թե ճարտարապետությունը, այլ՝ անհատական մարդկանց հնարավորությունները: Լավ կլիներ, որ Երևանը գեղեցիկ լիներ, որովհետև դրսից եկող մարդկանց վրա դա շատ մեծ տպավորություն է թողնում: Մի տեղ սա է կառուցված, մի տեղ՝ նա… ում խելքին ինչ փչել է, էդպես էլ արել է»:
Արմինե Վարդանյան