Երեկվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը ողողված է տարատեսակ կուտակումներ արձանագրող լուսանկարներով, բանը հասել էր նրան, որ վարչապետն իր պաշտոնական էջում կիսվում էր առանձին օգտատերերի խնջույքների ուղիղ եթերներով: Իհարկե, հասկանալի է որ իշխանությունները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծված իրավիճակում պանդեմիայի տարածման ողջ մեղքը հասարակության վրա բարդելու համար, սակայն այդ նույն հասարակությունը բավական սուր է արձագանքել վարչապետի սոցցանցային նման պահվածքին՝ վերջինիս լրջանալու և աշխատելու կոչ անելով: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պատը, այնտեղ եղած բովանդակությունը և ոճը կարելի է համադրել և համեմատել այլ երկրների վարչապետերի ֆեյսբուքյան պատերի բոնվանդակության և ոճի հետ, այդ դեպքում՝ Հայաստանի վարչապետի սոցցանցային անլրջությունը էլ ավելի ցայտուն է դառնում: 

 
 
 
 

Դիցուք՝ մեր հարևան Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջն է: Հիշեցնենք՝ Վրաստանը գրեթե հաղթահարել է կորոնավիրուսի հետևանքները, և կյանքը այստեղ վաղուց բնականոն հունի մեջ է ընկել: Ի՞նչ գրառումներ է արել վերջին օրերին իր էջում Գախարիան. մայիսի 28-ին նա հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումները: Այդ նյութով էլ Գախարիան կիսվել է իր էջում:

 

Մայիսի 31-ին նմանատիպ մեկ այլ քննարկման հղումով է կիսվել Վրաստանի վարչապետը:

 

Հունիսի 1-ին արդեն Գախարիան հանդես էր գալիս պաշտոնական հայտարարությամբ:

 
 

Դրանից առաջ էլ՝ մայիսի 22-ին, Վրաստանի վարչապետը գրառում էր արել ենթակառուցվածքների մոդեռնիզացման մասին:

 

Փաշինյանի կողմից իր ընկեր հռչակված Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, այդ ակտիվությունը ունի որոշակի բովանդակություն և իմաստ: Դիցուք՝ Կանադայի վարչապետը հայտարարում է սոցիալական օժանդակության ծրագրերի ավելացման մասին:

 

Մեկ այլ գրառման մեջ Կանադայի վարչապետը խոսում է թեստերի, դիմակների ձեռքբերման մասին, խոսում կոնկրետ թվերով և նպատակային:

 

Մյուս գրառումը վերաբերվում է առաջնագծի համար բոլոր անհրաժեշտ պաշտպանիչ պարագաների ձեռբերման մասին:

 

 

Թե ինչ բովանդակություն է կրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հատկապես երեկ և այսօր՝ կարծում ենք՝ կարիք չկա ներկայացնելու: Սակայն, մեկ սքրին ամեն դեպքում կտեղադրենք՝ համեմատականը առավել ամբողջական դարձնելու համար: Մինչ մյուս երկրների վարչապետները աշխատում են համավարակը հաղթահարելու ուղղությամբ, մեր երկրի վարչապետը իր էջում տեղադրում է քաղաքացիների առիթների նկարները և տեսանյութերը՝ ամոթանք տալով վերջիններիս, կարծես մոռանալով, որ մի նմանատիպ քեֆ-ուրախությանն էլ ինքն է մասնակից եղել ընդամենը վերջերս:

 

 

Մենք չենք համեմատում Վրաստանի, Հայաստանի և Կանադայի կառավարությունների հակաճգնաժամային ծրագրերը, մենք համեմատել ենք ընդամենը երեք վարչապետերի կեցվածքը այս օրերին սոցիալական ցանցերի տիրույթում: Ոմանք աշխատում են, ոմանք՝ մեղադրում ժողովրդին և փորձում ձախողման պատասխանատվությունը բարդել հենց հասարակության վրա: Այսքանից հետո, թերևս, պարզ է՝ ինչու է հարևան երկիրը արդեն պատրաստվում զբոսաշրջիկներ ընդունել, իսկ Հայաստանում օրեցօր վարակակիրների թվի աճի ռեկորդներ են սահմանվում...