Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծով՝ 2021 թ․ հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը կհաշվի ոչ թե կադաստրային արժեքով, այլ շուկայականով, ինչը նշանակում է, որ Հայաստանում գույքահարկի դրույքաչափերը կբարձրանան։ Թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այս քայլն ուղղված է երկրում սոցիալական արդարության վերականգնմանը, սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դա այդպես չէ, և մի քանի դղյակի գույքահարկը բարձրացնելու համար բոլորն են հարկվելու։

 
 
 
 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ գույքահարկի օրենքի նախագիծը սպասելի էր, բայց անարդար ու ժամանակավրեպ․  «Այս պահի դրությամբ առաջարկվող մոդելը ոչ թե նախատեսում է գույքահարկի բարձրացում հարուստների, թանկարժեք տուն ունեցող անձանց համար, այլև միաժամանակ նախատեսում է չունևորների, էժան տներ ունեցողների համար գույքահարկի բարձրացում։ Ներկայումս մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող տները ազատված են գույքահարկից, հիմա այդ գույքահարկը նախատեսված է մինչև 7-10 մլն արժեք ունեցող տների համար, որոնք պետք է վճարեն գույքահարկ արժեքի հինգհարյուրերորդականի չափով։ Հարկավոր է հաշվի առնել նաև, որ էականորեն բարձրացել է տների արժեքը։ Գույքահարկի բարձրացման արդյունքում մարդիկ պարտադրված են 4-5 անգամ ավել գույքահարկ վճարել այն դեպքում, երբ նրանց եկամուտը չի աճել։ Այսինքն, եթե նպատակը դղյակներ ունեցողներին հարկելն է, ապա պետք է ավելի հասցեական դարձնել այս քաղաքականությունը, հակառակ դեպքում Կենտրոնում կամ Կոմիտասի պողոտայում ապրող քաղաքացիները բավականին լուրջ խնդիրներ են ունենալու և սոցիալական մեծ ծախսեր է նրանց սպասվում»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է գնահատել արդարությունն ու արդյունավետությունը։ Ըստ տնտեսագետի՝ 2020 թ․ ճգնաժամային տարի է լինելու մեր տնտեսության, բնակչության համար և արդեն իսկ հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է շինարարության ոլորտում 21,9% անկում, որը շարունակվելու է։ Նրա խոսքով՝ գույքահարկի նախագիծը ուղիղ հարված կհասցնի շինարարության ոլորտին, որը լավ օրեր չի ապրում և կստացվի, որ միջին կամ բարձր արժեք ունեցող տները գույքահարկով պայմանավորված ավելի կթանկանան կամ մարդիկ կմտածեն այդպիսի գույքահարկով տուն կարո՞ղ են ձեռք բերել։ Հարցին՝ գույքահարկի բարձրացումը չի՞ բերի նրան, որ դղյակներ ունեցող գործարարները կբարձրացնեն ներմուծվող, վաճառվող ապրանքների գները՝ Պարսյանը նշեց․ «Գույքահարկը համարվում է ուղղակի հարկ, այսինքն մարդն է վճարում իր եկամուտներից ու շահույթից։ Միանշանակ է, որ գույքերի սեփականատերերը այդ ծախսը կհանեն իրացման, աշխատավարձերի բարձրացման միջոցով։ Տրամաբանական պրոցես է, որ այդպես է լինելու, ինչը անարդար է միջին և աղքատ խավի համար։ Թանկարժեք տները գույքահարկով հարկելը ողջունելի է, բայց դա պետք է ավելի հասցեական դարձնել։ Հարց է նաև՝ կադաստրը, որը պետք է որոշի գույքահարկի շուկայական արժեքը, այդքան վստահություն ունի՞, որ կկարողանա բոլոր գույքերի շուկայական արժեքը ճշգրտել»,- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ այս ամենի արդյունքում գործ կունենանք անարդար երևույթների հետ և մարդիկ ստիպված կլինեն վճարել մեծ գումարներ։