Ախտահանող նյութեր պատրաստելու համար Ֆրանսիայում մտադիր են օգտագործել նույնիսկ գինիները, որոնք դեռ չեն վաճառվել։ Դրան է ուղղվելու մոտ 200 միլիոն լիտր պատրաստի գինի։ Այս մասին հայտնում է «Գազետան»։
Այդ «հումքը» կօգտագործվի բիոէթանոլ և սպիրտային հումքով գելային ախտահանիչներ՝ ալկոգելեր պատրաստելու համար։ Ստիպված այս քայլին ֆրանսիական ընկերությունները դիմել են հումքի պակասուրդի և եղած հումքի թանկության պատճառով։
Մյուս կողմից` վերամշակման ուղղվելու են այն գինիները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով չի հաջողվել վաճառել։ Դրանով, ըստ էության, ֆրանսիական գինեգործները կնվազեցնեն նաև կորուստները։
Հիշեցնենք, որ գինեգործների խնդիրը բարդացնում է նաև Միացյալ Նահանգների իշխանությունների որոշումը, որով հավելյալ մաքսատուրքեր են սահմանվել ֆրանսիական գինիների նկատմամբ, ինչի հետևանքով էլ այդ գինիները դժվարությամբ են վաճառվում ԱՄՆ-ում։