Կորոնավիրուսով վարակված եւ բուժված դդմաշենցի 96-ամյա Սերոժ (Սերյոժա Ստեփանյան) պապիկն իրեն շատ լավ է զգում, տրամադրությունը բարձր է:

 
 

Այս մասին ArmLur.am-ին պատմեց նրա որդին՝ Վանիկ Ստեփանյանը: «Տանը չենք կարողանում պահել: Տաս կով է պահում, քսան ոչխար, մեկ հա կարտոֆիլ է մշակում: Եղբայրս ու ես խնդրեցինք պապային այդ կովերը վաճառել, որոշ ժամանակ անց ասաց, որ ծախել է, չկա: Հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց իր մոտ, տարան հիվանդանոց, եղբայրս զանգեց ասաց՝ այ մարդ, խաբար ես ինչ է եղել, գոմում կով կա (ծիծաղում է-Ս.Հ.)… խաբել էր մեզ: Ինքը շատը հումորով, հետաքրքիր մարդ է»,- ուրախությամբ հիշեց 96-ամյա Սերյոժա Ստեփանյանի որդին:

Որդու պատմելով` Սերոժ պապիկը չի ցանկացել հոսպիտալացվել. «Հետաքրքիրն այն էր, որ  պապիկը չէր ուզում գնալ, կռիվ-ղալմաղալ, նույնիսկ մեկ անգամ շտապօգնությունից եկել էին տանելու, շորերը հանել էր մտել անկողին ու ասում էր, որ լավ է, չի գնալու: Բայց մի կերպ պապիկին տարան»:

Սերոժ պապիկը բուժումը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որտեղ անցկացրել է ավելի քան տաս օր: Ուղեկցող հիվանդություն չի ունեցել:

 

ArmLur.am-ի հետ զրույցում Վանիկ Ստեփանյանը հպարտությամբ նշեց, որ հայրը հիվանդանոցի ուրախությունն է եղել. «Հիվանդանոցում մի կերպ համոզել են, որ մնա, ասում էր տղա ջան կփախնեմ, չեմ մնա: Ամբողջ հիվանդանոցի ուրախությունը պապաս է եղել, ինքը երբեք չհազաց, մի երկու օր տրտնջաց, հետո շնչառությունը բացվեց: Իր տարիքում ինքը երկու շիշ օղի կարողանում է հանգիստ խմել, որ գաք գյուղ, Ձեզ էլ օղի կհյուրասիրի, մինչեւ չխմեք, չի խոսի Ձեզ հետ»: