Գիշերը քանդում էին Ֆիրդուսի պատմական միջավայրի շենքերը․ կառուցապատողն ակնարկել էր՝ տեխնիկա են մոտեցնում աղյուսաշեն շենքը քանդելու համար։ Բողոքող բնակիչների ահազանգով՝ տարածքում էին հավաքվել 30-40 քաղաքացի, այդ թվում՝ ավագանու անդամներ ու ԱԺ պատգամավորներ, որոնց հաջողվել էր կասեցնել շինաշխատանքները։ ԼՈՒՐԵՐ․com-ը եղավ շենքի հարակից տարածքում, բնակիչները տեսախցիկի առաջ խոսել չցանկացան, բայց մտահոգություն հայտնեցին շենքի քանդման վերաբերյալ։ Ֆիքսեցինք նաև՝ շենքի հարակից տարածքներում արդեն իսկ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց շենքի քանդման մասին տեղեկանալուն պես շտապել են այստեղ․ «Ինչ-որ անձինք էին եկել ու սկսել կճպել շենքի երկրորդ հարկի կառուցվածքները։ Քանի որ կողքի շենքը մի քանի օրվա ընթացքում անհետացավ, մենք մտահոգություն ունեինք, որ նույն ճակատագրին կարժանանա նաև այս շենքը։ Ես տեղեկացա, որ նախագծով նախատեսվում է այստեղ լայն փողոց սարքել և այս շենքն իրենց խանգարում է»,- նշեց մեր զրուցակիցը՝ պնդելով, որ նախագիծը պիտի փոխվի, քանի որ շենքի պահպանումն այս նախագծով անհնար է։

Բնակիչների մի մասն իրենց սեփականությունը վաճառել ու գնացել են, մի մասը դեռ տեղում են, պայմանագիր չունեն․ որոշները դեռ գնի շուրջ համաձայնության չեն գալիս կառուցապատողի հետ։ Կառուցապատողն առաջարկում է շենքի ֆասադը տեղափոխել նախագծում մեկ այլ տեղ, սակայն մտահոգները վստահ են, որ փշրվող աղյուսները համարակալելն ու տեղափոխելն անհնար է։ Հավաքվածների դժգոհությանը հանդիպած կառուցապատողի ու ներդրողի ներկայացուցիչները խոստացել երեկոյան խոստացել են շենքին ձեռք չեն տա մինչև հստակություն լինի, իսկ կառուցապատմանը դեմ քաղաքացիները նշում են՝ «չե՛նք թողնի ջնջել մեր քաղաքի հիշողությունը»։

Ինչպես հայտնի է, նախագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է, որը 2000-ականներից սկսած նախագծել և համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները և մի շարք այլ նախագծեր։