Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։

«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով' տարաներում թմրամիջոց էր։

Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվեցին։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։