66-ամյա գյումրեցի կինը, որը երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ մահից առաջ հանձնած երրորդ թեստի պատասխանը դրական է եղել, այդ մասին հայտում է «Ազատությունը»

 

Ըստ «Կարմի խաչ» պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Սանդրոսյանի՝ պոլիկլինիկայի բժիշկներին 2 անգամ չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել:

«Քրոնիկ հիվանդ է եղել մահացածը, սիրտը ստենտավորած է, դիմել է պոլիկլինիկա ամսի 11-ին, զննվելուց հետո կասկածվել է թոքաբորբ, թոքաբորբը հաստատվելու համար հիվանդին ուղղորդվել է ռենտգենոգրաֆիայի, և իրոք հաստատվել է` հիվանդի մոտ եղել է թոքաբորբ: Բժշկի կողմից առաջարկվել է նմուշառում, նմուշառումից ամուսինը հրաժարվել է` պատճառաբանելով, որ չեն ուզում, ընդհանրապես չեն ուզում, տանը կմնան, բուժում կստանան:

Վերցվել է հսկողության տակ, մեկուսացվել է, 3 օրերին ինքը ստացել է համապատասխան բուժում, վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ երկուշաբթի օրը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ և հիվանդը մահացել է: Ախտանշանները շատ բնորոշ են եղել կորոնավիրուսային ինֆեկցիայի, բայց բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացվել է, բայց ամուսինը կտրականապես հրաժարվել է: Ընդհանրապես չեն ուզեցել թեստավորում անցնել: Իրենք մեկնաբանել են, որ եթե նույնիսկ այդ ինֆեկցիան լինի, իրենք կկարողանան բժշկի նշանակում տանը այդ ամեն ինչը կազմակերպել»,-ասել է բժիշկը:

Ըստ աղբյուրի՝ ամուսինը ևս թոքաբորբ է ունեցել, բուժում է ստացել ու ապաքինվել, սակայն կինը կորոնավիրուսի ռիսկային խմբում է եղել:

«Կինն ունեցել է սրտի խնդիր, սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել, անոթային խնդիրներ է ունեցել, չնայած բժշկի կողմից մի քանի անգամ զգուշացումներին, նույնիսկ ներկայացվել է, որ դիմացը շաբաթ-կիրակի օրեր են, բայց մենք շաբաթ-կիրակի օրերին ունենք և հերթապահություն, և նմուշառման հնարավորություն, բայց ամուսինը հրաժարվել է, չեն ուզեցել ոչ ստացիոնար բուժում ստանալ, ոչ էլ թեստավորվել»,-հայտնել է Անահիտ Սանդրոսյանը և հավելել, որ վիրուսի գոյությանը չհավատալու հետևանքով կինը կյանքով է հատուցել:

66-ամյա կինը Շիրակի մարզում կորոնավիրուսով մահացած 12-րդ հիվանդն էր:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյությում: