Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից:

«Այդ փոփոխությունը թույլ է տալիս եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել առկա համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Այժմ մենք սահմանել ենք օպտիմալ մի ցանկ, ըստ որի, այդ մասնագիտություններով սովորող ուսանողները եթե աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից վճարել իրենց վարձավճարները»,- ասաց նախարարը:

Ցանկը հնարավոր է գտնել ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։