Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ մեղադրանքը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ է։
Նա նաև նշեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը դեռևս չի քննարկել միջնորդությունը:
Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ 4 քրգործ է հարուցել, որոնցից մեկը վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն։