Կորոնավիրուսային ժամանակաշրջանը առանձնապես վատ է անդրադարձել զբոսաշրջության ոլորտի վրա: Սա այն ոլորտն է, որն այս պահին ունի զրո եկամուտ, բայց և մի շարք պարտավորություններ:

 

Թե ինչ քայլեր են ձեռնարկվում գերակա ոլորտը փրկելու համար, ԼՈւՐԵՐ.com-ը փորձել է պարզել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից:

«Զբոսաշրջության 2-րդ եռամսյակն արդեն կորցրել ենք և վնասը էական է՝ առնվազն 450 միլիոն դոլար, որը մինչև տարեվերջ, բնականաբար, աճելու է»,- փաստում է ֆեդերացիայի նախագահը, ում խոսքով՝ Կառավարությունը դեռևս չունի զբոսաշրջության ոլորտին ուղղված հասցեական միջոցառումներ:

 «Եթե սահմանները բացելու հստակ որոշում լինի, ինչն արդեն կա մի շարք երկրներում, ապա իրավիճակը հնարավոր կլինի մեղմել: Այս ուղղությամբ քննարկումները շահագրգիռ կողմերի մասնակցությամբ դեռ շարունակվում են: Սակայն, հասցեական միջոցառումներ՝ ուղղված միայն զբոսաշրջության ոլորտին, Կառավարությունը դեռևս չունի, չնայած որ առաջարկությունների փաթեթը ֆեդերացիայի կողմից դեռ 2 ամիս առաջ է ներկայացվել: Նույնիսկ առողջարանները, որոնք մատուցում են առանձնահատուկ հյուրանոցային ծառայություններ, ինչն ուղղված է մարդու առողջության վերականգնմանը, չունեն այցելուներ և որևէ կարգի աջակցություն»,- ասաց նա, ապա հավելեց. «Այնուամենայնիվ, մեկ կարևոր հարկային բարեփոխում եղել է. Կառավարությունը, սկսած 2-րդ եռամսյակից,  շահութահարկի կանխավճարների պարտավորությունից ազատեց տուրիզմի ոլորտը և, ըստ էության, նաև մյուս տնտեսվարող սուբյեկտներին: Սա շատ կարևոր է, քանի որ զբոսաշրջության ոլորտից խնդիրը դրվեց, բայց լուծում ստացավ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի համար»:

Ապրեսյանը լիահույս է, որ շուտով ևս մեկ կարևոր փոփոխություն կլինի՝ կապված վարկային արձակուրդների հետ:

«Այս ուղղությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում: Լավատեսական կանխատեսումները կապված են սահմանների բացվելու հետ և միայն դրա շնորհիվ մեզ բացակա չեն դնի աշխարհի զբոսաշրջային քարտեզում: Պարզապես պետք է գնահատել, թե ինչ է նստում մեր երկրի վրա սահմանները բացելը կամ չբացելը: Ինչ վերաբերվում է սահմանները բացելուց հետո սպասվող հոսքին, ապա շանս կա, որ շարժ կլինի, բայց, իհարկե, ոչ նախկին տեմպով: Օր առաջ սկսելով այս գործընթացը՝ չպետք է հապաղենք մշակել մեր հետհամաճարակային կանոնների ուղեցույցը»,- նշեց նա:

Անդրադառնալով ներքին զբոսաշրջության ոլորտում ի հայտ եկած խնդիրներին՝ ֆեդերացիայի նախագահը նկատեց. «Ինչ խոսք, որոշակի շարժ կա նաև ներքին զբոսաշրջության ոլորտում, սակայն դրա վրա հույս դնել չարժե: Կա նաև մեկ այլ վտանգ. սնանկությունից խուսափելու համար շատ ընկերություններ դիմում են անբարեխիղճ մրցակցության, այսինքն՝ որակի հաշվին մատուցում են հնարավորինս էժան ծառայություններ: Դա կարող է բերել շուկայում մրցակցային միջավայրի խաթարման, մինչդեռ եթե աջակցման ծրագրերը ժամանակին և նպատակային իրականացվեն, ապա ոլորտը կսկսի շնչել»: