Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասի թողարկումից հետո համացանցում քննարկում են Մինասյանի գտնվելու վայրը:

«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերի համոզմամբ՝ ժամեր առաջ հրապարակված տեսանյութում Մինասյանը ձեռքում բռնել է օղու շիշ, որի վրա փակցված ակցիզը վկայում է այն մասին, որ նա Ռուսաստանի Դաշնությունում է:

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018 թվականին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։

2020թ.-ի մարտի 23-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: