Ցավոք, մեզ դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր ռազմավարական խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը, առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի մյուսներին: Մեզ այս խնդիրը չի հաջոցվում լուծել»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ երեկ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք, որը նշանակում է, որ առաջիկայում անխուսափելիորեն կլինի 10 մահ: Նա նաև նշեց, որ պացիենտներից շատերը հիվանդությունը տանում են առանց ախտանիշների:

«Այսօրվա դրությամբ ունենք 10900 կորոնավիրուսով հիվանդ, որից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում, նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակը՝ առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, երեկ ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- նշեց նա՝ հավելելով.

«Հունիսին մենք նախորդ տարվա հունիսի նկատմամբ ունեցել ենք մոտավորապես 30%-ով ավելի շատ մահացություն, բայց այս մահացությունների վիճակագրության փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, սակայն այն էականորեն նպաստում  է այդ գործոնին»: