2020 թվականի մարտի 26-ին կառավարության նիստի ժամանակ որոշվեց կորոնավիրուսով քաղաքացիներին, որոնք չունեն սիմպտոմներ, տեղավորել հյուրանոցներում:
 
ԼՈՒՐԵՐ.com-ն ուսումնասիրել է գնումների համակարգում հրապարակված պայմանագրերը եւ պարզել, թե այս ամիսների ընթացքում պետական միջոցներից որքան գումար է ուղղվել հյուրանոցներին՝ մատուցած ծառայությունների համար:
 
«Ռումի» ՍՊԸ-ի հետ, որը «Մինօտել Բարսամ Սյութս» հյուրանոցն է, կնքվել է մի քանի պայմանագիր: Օրինակ՝ հունիսի 3-ին էկոնոմիկայի նախարարության միջոցով կնքվել է 31 մլն 670 հազար դրամի պայմանագիր, որը ներառում է հյուրանոցային համարներ եւ լանչ: Պայմանագրում նշված է, որ խոսքը 31-օրյա մատուցվող ծառայության մասին է, իսկ թե քանի հոգու համար՝ հայտնի չէ:
 
«Արմենիա» (Մարիոթ) հյուրանոցի հետ կնքվել է երկու պայմանագիր՝ ընդհանուր 60 մլն դրամով: Պայմանագրում նշված է, որ մեկ քաղաքացու յուրաքանյուր օրը, ներառյալ սնունդը, հյուրանոցում արժեցել է 15 հազար դրամ:
 
«Թուֆենկյան» հյուրանոցն էլ միայն 19,4 մլն դրամի սնունդ է մատակարարել «Էրեբունի» եւ «Նորք» բժշկական կենտրոններում գտնվող քաղաքացիներին:
 
«Վիկտորիա» հյուրանոցը, առանց սննդի, 15 օր տրամադրել է հյուրանոցային համարներ՝ 21 միլիոն դրամի դիմաց:
 
«Ինվեսթ հոթել գրուպը» 15 մլն դրամի դիմաց 13 օր տրամադրել է 55 սենյակ եւ երեքանգամյա սնունդ:
 
Ծաղկաձորում գրծող «Ռոսսիա» հյուրանոցը 15 օրվա տրամադրած սենյակների համար ստացել է 10 մլն դրամ: Փաթեթում սնունդ չի ներառվել, հայտնի չէ նաեւ, թե քանի մարդու համար է նախատեսված եղել:
 
«Իմպերիալ» հյուրանոց,ը առանց սննդի, 15 օր տրամադրել է հյուրանոցային համարներ եւ ստացել 20 մլն դրամ:
 
Գյումրու մարզամշակութային կենտրոնը 30 օրով տրամադրել է սենյակներ եւ սնունդ, որի դիմաց պետությունից ստացել է 4,5 մլն դրամ: Թե քանի հոգու մասին է խոսքը՝ պայմանագրում եւս նշված չէ:
 
«Ռիչմայնդ» հյուրանոցը 12 մլն դրամով 15 օր 85 քաղաքացու տարմադրել է սնունդ եւ հյուրանոցային համարներ:
 
52 մլն դրամով երեք պայմանագիր է կնքվել գյումրեցի անհատ ձեռներեց Լյուդվիգ Գաբոյանի հետ: Նա մեկ ամիս տեւողությամբ ծառայություններ է մատուցել, թե ինչ եւ քանի հոգու՝ պայմանագրում կրկին նշված չէ:
 
«Արարատ» հյուրանոցի հետ նույնպես COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում երկու պայմանագիր է կնքվել: Երկու օրվա համար 50 սենյակի համար պետությունը վճարել է 3 մլն 508 հազար դրամ: Գումարը ներառել է նաև խնամքի պարագաները: Նույն հյուրանոցը 13 մլն 830 հազար դրամի շրջանակում ևս 15 օրով վարձակալության է տվել ևս 50 սենյակ՝ 107 մարդու համար:
 
Նշենք, որ միայն այս հյուրանոցների հետ կնքված պայմանագրերի արժեքը կազմում է 250 մլն դրամ: Սա համարժեք է 515 հազար ԱՄՆ դոլարի:
 
Հավելենք նաեւ, որ այս թիվը փոփոխական է, քանի որ Զբոսաշրջության կոմիտեն հայտարարել էր, որ տնտեսվարողների հետ բնակցությունները շարունակվում են: