17:57
Լավաշը Հայաստանում թխվել է մ.թ.ա 1-ին հազարամյակից , Արտաշատում պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիր

 

Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը:

 

Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի առաջին գործիքը:

«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողություններից մեկն է:-Գրում է Յանետա Արշակյանը:

«Հայկական ժառանգական խոսվածքի ծագումնաբանական բառարանում» նշվում է, որ «լավաշ» բառը ծագում է նախահայերեն law- բառից, որը նշանակում է «հարթ»։ Միջին հայերենում արդեն lawš բառը նշանակում էր «հարթ բարակ հաց»:

Հայաստանում լավաշի տարածվածության մասին վկայում են հնեագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված թոնիրները և այնտեղ մնացած լավաշի մնացորդները։ Վառված լավաշի այդպիսի կտոր հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկում՝ Անիում՝ Գագկաշեն եկեղեցուց ոչ շատ հեռու)։ Լավաշի մնացորդը հայտնաբերվել է քաղաքի պեղումների ժամանակ, որն իրականացվել է Ռուսական հնագիտական կայսերական միության կողմից։

Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 սմ տրամագիծ, 1,2-1,5 մ խորություն: Օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար։ Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։

Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու և կրակը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։

slim.am

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս