Ֆիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը Ֆիրդուս 1 հասցեում գտնվող տան ետնաբակում մամուլի ասուլիս է հրավիրել։ Նպատակն է լուսաբանել Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հարցը և լսել տարբեր մասնագետների կարծիքներ:
Նախաձեռնող խումբը կազմված է այն քաղաքացիներից, ովքեր մտահոգված են Ֆիրդուս թաղամասի կառուցապատման խնդրով:
«Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի գլխավոր խմբագիր և համահեղինակ, նաև նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը նշում է, թե որոնք են կառուցապատման խնդիրները. «Բոլորը մասնագետները համախմբվել են վերջին երկու ամսվա ընթացքում՝ հասկանալու ի՞նչ է կատարվում թաղամասում, ի՞նչ է առաջարկվում կառուցել գոյություն ունեցող բնակելի թաղամասի վայրում: Մենք շատ խնդիրներ ունենք, ահազանգել ենք դրանց մասին: Առաջնայինը մշակութային խնդիրներն են: Կան ճարտարապետական, քաղաքաշինական մի շարք խնդիրներ, տարբեր մասնագետներ սկսեցին աշխատել այդ հարցի շուրջ, կան նաև իրավական տարբեր խախտումներ, որոնք մենք նկատել ենք կառուցապատման ընթացքում»:
«Մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ սա ոչ միայն մշակութային կամ առանձին նեղ մասնագիտական խնդիր է, այլ լայն խնդիր՝ կապված քաղաքի կենտրոնի պատկերի հետ, և թե ի՞նչ ենք ստանալու 1-3 տարի հետո, ի՞նչ է լինելու այս վայրում»,-ընդգծում է Տիգրան Ամիրյանը և հավելում, որ երկար տարիներ հետազոտել է թաղամասը, աշխատել բնակիչների, մասնագետների հետ, որպեզսի հասկանա թաղամասի պատմությունը:
Հարցին, թե արդյոք բնակիչները համաձայն են լքել իրենց տունը, բանախոսը պատասխանեց, որ նրանք անընդհատ գտնվում են հոգեբանական ճնշման տակ. «2000-ականներից սկսվեց տխուր գործընթաց. համայնքը քայքայվեց: Գերակա շահ ճանաչելուց հետո, բնակիչները իրավունք չունեն ոչ մի աշխատանք իրականացնելու: Երբ կառուցապատողները սկսում են ապամոնտաժել տարբեր շինություններ, իսկ հարևանությամբ շարունակում են ապրել մարդիկ, այդքան էլ նորմալ չէ: Բնակիչները ստիպված են լինում լքել իրենց տները, որովհետև տներն ու բակերը վերածվում են շինհրապարակի: Բացի դրանից, օրը մի քանի անգամ դուռը թակում են կառուցապատողները և հիշեցնում են, որ սա իրենց սեփականությունը չէ, սա գերակա շահ ճանաչված հող է և անընդհատ խոսում են հողատարածքների մասին: Բնակիչները չեն կարողանում ազատ արտահայտել իր կամքը՝ ուզու՞մ են մնալ այդտեղ, թե՞ ոչ:
Նախաձեռնողը եզրափակում է, որ թաղամասը վերածվել է առնետանոցի՝ կառուցապատողների պատճառով. «Քանդում են մի շինություն և կիսաքանդ պահում են 20 տարի իսկ կողքի տները սկում են տույժ կրել»:
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում տարածքի կառուցապատումն ու իրացումը կազմակերպող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն քանդման աշխատանքներ էր իրականացնում: Ընկերությունը քանդել էր 19-րդ դարավերջին վերագրվող սև տուֆից մի կառույց։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև նույն տարածքում գտնվող աղյուսե շենքին։
2007-2008 թթ․ կառավարության որոշումներով Ֆիրդուսի թաղամասը և հարակից տարածքը ճանաչվել են հանրային գերակա շահ՝ օտարվելով «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությանը՝ կառուցապատման և իրացման համար։