Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ավտովթար էր տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին։ Ըստ տեղեկությունների՝ վթարի ենթարկվածները զորացրված զինծառայողներն են, որոնք 2 տարի հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց հետո տուն էին վերադառնում։ Վթարի հետևանքով զորացրված զինծառայողներ 20-ամյա Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացել են տարբեր մարմնական ծանր վնասվածքներ և տեղափոխվել են Արցախի հանրապետական հիվանդանոց։ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց հիվանդանոցից տեղեկանալ երիտասարդների առողջական վիճակի մասին, սակայն այստեղից փոխանցեցին, որ իրավասություն չունեն նման տեղեկություն հայտնել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին իրար էին բախվել Ասկերան քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Բ. Դ.-ի վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նշված ավտոմեքենաների վարորդները և «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1999թ.ծնված Ա. Բ.-ն ու 2000թ.ծնված Վ. Ծ.-ն ստացած մարմնական վնասվածքներով և կոտրվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն», իսկ «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Հ. Ս.-ն տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն» ավտոմեքենայի կողմից հանդիպակաց գոտի դուրս գալը: