«Ճիշտ է, ներքին և արտաքին ալիևների ցանկություններն ու նպատակները նույն են, բայց երկու «ճակատում» էլ իրենք դատապարտված են պարտության»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։ Պարզ է, թե ում նկատի ունի պատգամավորը՝ արտաքին թշնամի որակումը տալով, բայց թե ում է ասում «ներքին ալիև»՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել հենց Փամբուխչյանից։

Պարոն Փամբուխչյան, ո՞ւմ նկատի ունեք՝ «ներքին ալիև» ասելով։

- Ովքեր իրենց վարքագծով ներքին ալիևություն են անում։

Այսինքն ի՞նչ գործողություններ են անում, որ նման որակում եք տալիս։

- Գործողությունները տարբեր են։ Առհասարակ վերաբերում է ներքին և արտաքին ալիևներին․․․ կներեք, բայց մեկնաբանելու բան չունեմ։ Գրել եմ, ով, ոնց կհասկանա։

Ձեզ քննադատում են՝ ասելով, թե որքանո՞վ է ճիշտ իշխանական թիմի պատգամավորի կողմից իր հայրենակիցներին ալիևներ անվանելը։

- Թող քննադատեն, ես նաև պետք է պատրաստ լինեմ լսել քննադատություններ։ Առհասարակ քննադատությունը չեմ ընդունում, բայց նորմալ է, որ կարող են ինձ քննադատել այս կամ այն գրառման կամ ասածի համար։

Կան կոնկրետ անձինք, ում նկատի ունեք։

- Կոնկրետ հիմա չեմ կարող նշել։

Նշենք, որ պատգամավորը գրառումն արել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների և սադրիչ գործողությունների ֆոնին: