«Սմբատը Ֆուտբոլի մե՜ծ սիրահար է։ Ներկայով եմ խոսում, որովհետև ինքը ինձ համար կա։ Տղաները, երբ խոսում էին հավանած աղջիկներից, ինքը խոսում էր իր գնդակից: Գնդակից ու ֆուտբոլից այն կողմ ոչինչ չկար իր համար »,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երեկ զոհված  կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի դասընկերուհին՝ Անահիտ Հայրապետյանը։ 

 
 

Անահիտ Հայրապետյանը շատ ծանր է տանում ընկերոջ կորուստը. «Առաջին դասարանից մինչև 12-րդ դասարան միասին ենք սովորել, դասարանի ուրախությունն էր. որ օրը չէր գալիս, այդ օրը մի տեսակ մռայլ ու տխուր էր անցնում։ Մի ուրիշ տեսակի տղա է ինքը, մեր հպարտությունը։ Սմբատը իր տեսակով շատ հավասարակշռված տղա է»,- ընդգծեց Սմբատի դասընկերուհին:

Ինչպես նշեց Անահիտ Հայրապետյանը, միայն մի բանի համար է հանգիստ, որ հասցրել է իր դասընկերոջ հետ վերջին անգամ խոսել. «Այդ դեպքից մեկ օր առաջ էի խոսել նրա հետ, ասացի Սմբ, ամեն ինչ լավ ա՞, ասեց՝ հա´, դուխո´վ, լավ ա, չմտածե´ք, ասացի՝ ուշադիր կլինես, ասաց՝ ապրե´ս, ցավդ տանեմ»,- եզրափակեց Սմբատ Գաբրիելյանի դասընկերուհին:

Հավելենք նաև, որ Անահիտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Մեր բոլոր Զինվորների մահերը շատ ծանր ենք տանում, բայց առավել ծանր ա, երբ դու մարդուն անձամբ ճանաչում ես, 12 տարի, ամեն օր նույն դասարանում ծիծաղել, լացել, ուրախացել ։

Մեզ պետք չէր քո Հերոս լինելը, ուղղակի պետք էր, որ դու լինեիր, ապրեիր, մեզ հետ հավասար քայլեիր դեպի ապագա։ #ԱնմահՍմբատ, երանի երազ լիներ էս ամենը»,-գրել էր նա: