ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ.

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը և նրա շուրջ համախմբված երեկվա պատերազմի մասնակիցների ավելի քան տասներեք հազարանոց բանակն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների կապակցությամբ և դա որակում ոչ այլ կերպ, քան մայր Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ոտնձգություն:

Ավելին, այդ ամենին զուգահեռ արդեն Բաքվում սկսել են պետական մակարդակով կազմակերպված հանրային հավաքներում կոչեր հնչեցվել Արցախը վերագրավելու մասին, ինչը մեկ անգամ ևս հավաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը դասեր չի քաղել ինչպես Արցախյան առաջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից, այնպես էլ 2016-ի ապրիլյան քառօրյայի նախահարձակողական գործողությունների արդյունքում արձանագրված անհաջողություններից:

Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային և տարածքային միավորումների խորհուրդները և իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը և կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Դիմելով Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից վստահեցնում ենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք հանուն Արցախի և մեր համազգային շահերի պաշտպանության, կատարել Ձեր կողմից առաջադրված ցանկացած խնդիր»: