ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանի հետ:

 

-Տիկին Ալավերդյան, երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին տեսանյութ, որտեղ երևում է օրեր առաջ անհետ կորած համարվող Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով, փաստորեն, այս պահին գերության մեջ է: Ուշագրավ է, որ Նարեկը բողոքում էր ՀՀ իշխանություններից, շեշտում, որ ինքնակամ հատել է սահմանը և անգամ ցանկություն հայտնել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու մասին, ինչն արդեն շատ ծանոթ ձեռագիր է։ Նման տեսանյութերով ի՞նչ խնդիր է լուծում Ալիևը իր պետության ներսում, չէ՞ որ այդ տղան հովիվ է ու ամենապատահական ձևով է հայտնվել Ադրբեջանում:

Նախևառաջ, պետք է նշեմ, որ այս անգամ չեն հայտարարել, որ Նարեկը գերի է: Սա բոլորովին ուրիշ մոտեցում էր, և, իրապես, շատ հետաքրքիր է՝ որն է նպատակը:  Ես համոզված եմ, որ տվյալ դեպքում նպատակներից մեկը էլի մնում է անփոփոխ, այն է՝ այն դիվերսանտները, որոնք գտնվում են Արցախում և կրում են իրենց պատիժը, վերադարձնի և հերոսացնի: Չնայած, արդեն առանց վերադարձնելու էլ հերոսացնում են:

Երկրորդն այն անմիջական և հետևողական աշխատանքն է՝ ստեղծելու Հայաստանի մասին իրենց ուզած պատկերը: Սա խոսում է այն մասին, որ ուզում են համոզել առնվազն իրենց քաղաքացիներին՝ «Շատ մի դժգոհեք, Հայաստանում շատ ավելի վատ է. լինեն սոցիալական վիճակը, կաշառակերությունը, թե այլ ոլորտներ»: Պետք է հստակեցնեմ, որ ինչպես էլ հիմա ներկայացնեն այս վիճակը, մեկ է՝ Ադրբեջանը, որպես պետություն, որը ստորագրել է Ժնևյան կոնվեցիանների մի շարք կարևորագույն հոդվածներ, մասնավորապես՝ 3-րդը, ոտնահարում է: Սկսենք այն բանից, որ ցույց են տալիս Նարեկին հեռուստատեսությամբ. դա կոպիտ խախտում է Ժնևյան կոնվեցիայի 13-րդ հոդվածի, որտեղ նշվում է՝ անձը, որը հայտնվել է սահմանից այն կողմ, պետք է միշտ պաշտպանության ներքո լինի և, մասնավորապես, նրա հետ պետք է վարվել մարդասիրաբար: Երկրորդը, իրենից չպետք է հարցնեն որևէ այլ բան, բացի իր ինքնությունը հաստատող տեղեկություններից, մնացյալը համարվում է, որ ինքը հայտնվել է այնպիսի վիճակում, որտեղ իրեն կարող են պարտադրել՝ վախեցնելով կամ ուրիշ ճնշումներով ասել այն, ինչը Նարեկն ասում է տեսանյութում. դա միջազգային մարդասիրական իրավունքի այբուբենն է, դրա համար է, որ չի թույլատրվում ավել բան հարցնել և գերուն ցույց տալ:

Երրորդը, երբ մենք գործ ունենք անձի հետ, որը անհետացել էր արդեն 7 օր, նրանք չեն հայտնել Միջազգային Կարմիր խաչին, որ իրենց տարածքում է հարևան երկրի քաղաքացին. սա կոպտագույն ոտնահարում է այն նորմերի, որը կազմում են միջազգային մարդասիրական օրենքի հիմքերն ու սկզբունքները: Այստեղ է, որ կարծում եմ՝ մեր համապատասխան մարմինները պետք է ոչ միայն հայտնեն այն մասին, որ ուսումնասիրում են տվյալ դեպքը, այլ նաև պետք է հստակեցնեն, որ նման դեպքում տեղի է ունեցել իրավունքների ոտնահարում: Ընդհանրապես, պատանդ վերցնելը կամ պահելն արգելված է, սա է ամենակարևորը:

Հիմա Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը ինչ-ինչ  պատճառներով դեռ շարունակում է լարվածությունը Տավուշի շրջանում, և չի ստեղծվում այնպիսի իրավիճակ, որ վերցնի իր զինվորներին: Ճիշտ կլինեն երկուստեք բանակցությունները, որ նախևառաջ վերադարձվի Նարեկը: 

Անազատության մեջ հայտնված անձը չի կարող հրաժարվել որևէ իրավունքից, որը նախատեսված է Ժնևյան կոնվեցիայով, որովհետև հասկանում են բոլորը, որ եթե անձը հայտնվում է հակառակ կողմում, ապա այդտեղ իրենք կարող են համոզել, որ հրաժարվի այս կամ այն իրավունքի կիրառումից: Ես ունեմ հիմնավոր պատճառաբանություն՝ ասելու, որ հիմնականում այդպիսի դեպքերում ոչ թե մարդիկ մոլորվում են, այլ իրենց առևանգում են, և դա Ադրբեջանի մշտական գործունեությունն է, որով կկարողանան իրենց դիվերսանտներին վերադարձնել:

Մեր փորձը ցույց է տալիս, որ գերիներին ասում են՝ այդքան ձեր ասածներից, ձեր պարզաբանումներից հետո, կամ ձեզ չեն ընդունելու, կամ ընդունելուց հետո կարող են դատել, կամ վերաբերմունքը կլինի  շատ կոշտ: Ես ուզում եմ իմ 30 տարվա փորձով հաստատել հետևյալը՝ Հայաստանում չեն եղել այդպիսի հետապնդումներ և շրջապատի բացասական վերաբերմունք:

-Եղել են դեպքեր, երբ հայ գերիները, անգամ վերադարձի դեպքում, առողջական լուրջ  խնդիրներ են ունեցել: Ինչո՞ւ են տարբեր միջազգային կառույցներ աչք փակում Ադրբեջանի դաժան վերաբերմունքի վրա:

Միջազգայինները գործում են կոշտ կոնֆիդեցիալության պայմաններում, և նրանք կարողանում են իրականացնել ամենաանհրաժեշտը. այն է, եթե մարդը ունի առողջական խնդրներ, նրանք տանում են, հասցնում են դեղորայքը, զննում են և այլն, բայց ավելին անելը կամ դրա մասին խոսելը, երբևէ պետք է տեղի չունենա, և մենք պետք է չպահանջենք:

-Տիկին Ալավերդյան, Ադրբեջանի այս իրադարձությունների ֆոնին մեր տիրույթում նկատելի են դարձել խաղաղասիրական լոզունգները։ Ադրբեջանի հետ համերաշխություն հնարավո՞ր է:

Արդեն հաստատված բան է, որ այն վիճակում, որում մենք գտնվում ենք, այն պետությունը, որի մասին խոսում ենք, երբևէ բարի կամքով խաղաղության չի գնացել և չի գնա: Այդպիսի երկրները միշտ պարտադրվում են խաղաղության և ամբողջովին սին հույսեր են. ո՞ր նորմալ մարդը չի ուզում խաղաղություն: Մենք խոսում ենք ագրեսիվ քաղաքականության մասին, և եթե պետությունը անթաքույց այդպիսի քաղաքականություն է վարում, ապա բարի կամքով կամ կոչերով տեղի չի ունենում, միակ միջոցը՝ պարտադրել խաղաղության:

-Մի կողմից՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, սահմանի չդադարող կրակը, գերու հանդեպ վերաբերմունքը, բայց մյուս կողմից մեր երկրի ներսում պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի նավթամուղերի անվտանգությունը, և դրանք վերցնի իր վերահսկողության տակ։ Տիկին Ալավերդյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Թույլ տվեք ես չմեկնաբանեմ այդ անձի որևէ հայտարարություն, որովհետև, եթե անձը թողնենք մի կողմ, ապա այդպիսի հայտարարությունները խոսում են ոչ միայն անգրագիտության մասին, այլ նաև կասկածելի  հիմքերի, ես դա թողնում եմ համապատասխան մարմիններին:

Արփինե Հակոբյան