Քիչ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

«Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. «Չենք կարող ասել, թե ումից էր ահազանգը, բայց արդեն բնականոն հունով աշխատում ենք»,- ասաց աշխատակիցը:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մնացյալ 2 հաստատություններում ևս ահազանգը կեղծ է եղել. «Ինձ Ոստիկանությունից են հայտնել, որ նման ահազանգ կա: Այժմ, 3 հաստատություններում էլ ստուգումները արդեն ավարտվել են: Ոստիկանությունը աշխատում է ահազանգի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց քաղաքապետը:

Նշենք, որ վերոնշյալ հաստատություններում քաղաքացիների տարհանում էր իրականացվել:

Արփինե Հակոբյան