Կորոնավիրուսը մեծ թափով վնաս հասցրեց տարբեր ոլորտներին, այդ թվում՝ կրթության ոլորտին: Համաճարակով պայմանավորված հեռավար անցկացված դասերը, ըստ որոշ փորձագետների, Հայաստանում կարելի է տապալված համարել: Փորձագետները նշում են, որ հեռավար ուսումը չհաջողեց ոչ միայն դպրոցներում, այլ նաև համալսարաններում․ ոչ աշակերտները կարողացան լիովին յուրացնել իրենց ուսումնական ծրագիրը և ոչ էլ ուսանողները:
Եվ այստեղ առաջանում է մեկ հարց. արդյո՞ք ուսանողը պարտավոր է ամբողջովին վճարել տապալված ուսումնական ծրագրի համար, որն այդպես էլ չյուրացվեց իր կողմից:
Ուսանողների վարձավճարների հնարավոր զեղչերի թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, ով հակիրճ արտահայտեց իր դիրքորոշումը. «Ես չեմ պատրաստվում ԿԳՄՍ-ին ներկայացնել ուսանողների վարձավճարների զեղչերի հետ կապված որևէ ծրագիր»,- ասաց նա:
Զրուցեցինք նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորր Կարինե Հարությունյանի հետ, ով նշեց, որ համալսարանի վարձավճարների իջեցնելը նշանակում է իջեցնել աշխատակազմի աշխատավարձը. «Մեր համալսարանի աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս վատացնել աշխատողների աշխատանքային պայմանները: Դա հնարավոր է միայն այն պարագայում, եթե ուսանողների վարձավճարների քիչ վճարման դեպքում մենք ունենանք բավարար միջոցներ դասախոսներին գոնե նույն չափով վարձատրելու համար, սակայն, կարծում եմ՝ մենք դրա հնարավորությունը չենք ունենա, որովհետև մեր վարձավճարները այդքան էլ բարձր չեն, եթե համեմատենք ԵՊՀ-ի հետ՝ մեր մոտ զգալիորեն ցածր են»,- պարզաբանեց ռեկտորը:
Մեր այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք վարձավճարները զեղչել ոչ թե աշխատակազմի աշխատավարձից, այլ հեռավար ուսուցման ամիսներին կոմունալ վճարումների փոխարեն, ռեկտորը պատասխանեց. «Շենքը բայց չի փակվել չէ՞ հեռավար դասապրոցեսի ամիսներին, և շարունակվել է վճարվել ինչպես լույսի, այնպես էլ մնացած կոմունալ վճարները: Եվ նշեմ, որ դրանք շատ փոքր տոկոսն են կազմում»,- եզրափակեց Կարինե Հարությունյանը:
Նշենք նաև, որ զրուցեցինք ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ, ով ասաց, որ ուսանողների վարձավճարների զեղչի որոշումը պետք է ամեն բուհ ինքը կայացնի. «Բուհերը կարող են գոնե ուսանողների վարձավճարների զեղչերի համար առաջարկներ ներկայացնել լիազոր մարմնին, բայց նման առաջարկ դեռ ոչ մի բուհից չենք ստացել»,- եզրափակեց նա։