Հասարակությունը՝ դեռ չհամակերպված Հայոց եկեղեցու պատմություն առարկայի նոր չափորոշիչներին, ԿԳՄՍ նախարարությունը առաջ է բերել «Հայ գրականություն» առարկան խմբագրելու նախագիծ, ըստ որի՝ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարաններում գրականություն առարկայի ուսուցման ծրագրում ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, և Գողթան երգերը: Նահապետ Քուչակը կուսումնասիրվի Համո Սահյանին զուգահեռ, իսկ Սայաթ-Նովան՝ Չարենցի «Տաղարան»-ին:
«Հայ գրականություն» առարկան խմբագրվել և դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաև արտասահմանյան գրականություն և հայ ժամանակակից հեղինակների գործեր. վերջիններս կուսումնասիրվեն ըստ ցանկության:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը ծրագիրը շրջանառության մեջ դնելը մեծագույն աղետ է համարում, վստահ է՝ դա կհանգեցնի ազգայինի և ինքնության մոռացության. մեր զրուցակիցը ընդգծում է՝ խնդրի միակ լուծումը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է:
Թեև գրականագետը առաջարկվող ծրագրում որևէ դրական կողմ չի տեսնում, այնուամենայնիվ, մեր մյուս զրուցակիցը՝ ԵՊՀ դասախոս Վաչագան Ավագյանը, շեշտում է դրանցից մեկը. «Հաճելի է, որ մեր հեղինակներին զուգահեռ ներկայացնում են արտասահմանյան դասական, նշանավոր ստեղծագործողներին»:
Հասարակության շրջանում բողոքի լայն ալիք սկսվեց հատկապես այն բանից հետո, երբ հստակեցվեց՝ Նարեկացու Մատյանը ոչ թե միանալու է որևէ այլ հեղինակի, այլ ընդհանրապես դուրս է մղվելու ցանկից:
«Հայոց լեզու», «Գրականություն» փորձագիտական խմբի ղեկավար Թամարա Ալեքսանյանը շտապում է հանգստացնել՝ բողոքներից հետո վերանայել են նախագիծը և նախատեսում են Նարեկացու Մատյանը վերադարձնել գրականության ցանկ:
Նախագծի ղեկավարը հայ բառի կրճատումը այնքան էլ աղետալի չի համարում. ընդգծում է՝ կարևոր է ոչ թե ծրագիրը, այլ դրա վերջնաարդյունքը. «Այն, ինչ հիմա դպրոցում անում են, ավելի շատ է տարել ապազգային քաղաքականության. շտեմարանները և թեստերը մեր երեխային խռովեցրել են գրքից, և երեխաներ կան՝ ուղղակի չեն ուզում լսել հայոց լեզվի մասին: Այդ ամպագոռգոռ բառեր ասողները դպրոց չեն մտել»:
Այս փոփոխությունների արդյունքում՝ հայ գրականությունը աստիճանաբար ողողվելու է համաշխարհային հեղինակների գործերով՝ կորցնելով հայկական ուղղվածությունը: