Աուտոիմուն հիվանդությունների նշանները կարող են տարբեր լինել՝ քոր, ցավ մկաններում, հյուծվածություն, նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այս հիվանդությունների հիմնական ախտանշանը քաշի կտրուկ փոփոխությունն է:
1-ին տիպի շաքարային դիաբետ: Հիվանդությունն ուղեկցվում է ինսուլինի անբավարարությամբ: Այն առավել հազվադեպ է հանդիպում, քան 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Հիվանդության ախտանշաններից են՝ ծարավ, հաճախակի միզարձակում, հյուծվածություն, տեսողության հետ կապված խնդիրներ: Հիվանդները չեն կարողանում վերահսկել քաշի կորուստը:
Ռևմատոիդ արթրիտ: Այս բորբոքային հիվանդությունը հոդերում ցավի և դրանց դեֆորմացիայի պատճառ է դառնում: Քաշի ավելացումն այս հիվանդության նշան չէ, սակայն ստերոիդները, որոնք հաճախ նշանակվում են հիվանդներին, կարող են հանգեցնել քաշի ավելացման և օրգանիզմում հեղուկի կուտակման:
Ցելակիա: Հիվանդության դեպքում նկատվում է գլյուտենի անտանելիություն: Հիվանդի օրգանիզմը դժվար է յուրացնում մթերքը, ինչի հետևանքով հիվանդները հիմնականում քաշ են կորցնում: Հիվանդության դեպքում կարող են նկատվել սրտխառնոց, գլխացավ, հոդացավեր, անեմիա:
Ադիսոնի հիվանդություն: Այս հիվանդությունը ախտահարում է մակերիկամների կեղևը: Նկատվում են սրտխառնոց, ախորժակի խնդիրներ, տրամադրության վատացում, քաշի անկում:
Վահանաձև գեղձի հիվանդություններ: Այս գեղձը հորմոններ է արտադրում, որոնք պատասխանատու են նաև նյութափոխանակության համար: Երբ հորմոնները քիչ են արտադրվում, առաջանում են մի շարք խանգարումներ: Հիպոթիրեոզի դեպքում նկատվում են քաշի ավելացում, հյուծվածություն, փորկապություն, մազաթափություն, դեպրեսիա: Երբ հորմոնները չափից շատ են արտադրվում, նյութափոխանակությունն արագանում է, և նույնիսկ շատ ուտելու դեպքում հիվանդը չի կարողանում քաշ հավաքել: Հիվանդության նշաններից են հաճախասրտությունը, աղիների հաճախակի դատարկումը, քնի հետ կապված խնդիրները:
Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ: Սրանք աղիների բորբոքային հիվանդություններ են: Կարող են նկատվել լուծ, ցավ որովայնում, քաշի անկում, որոշ դեպքերում՝ այլ օրգանների ախտահարում: