Հայաստանի հեղափոխական իշխանություններն արդեն երկու տարի է` փորձում են համոզել, որ իրենք որակապես տարբերվում են նախկիններից` նախ և առաջ՝ իրենց թափանցիկությամբ, ժողովրդին մոտ լինելու ցանկությամբ: Եվ, իսկապես, հեղափոխությունից մի քանի ամիս անց մեր թավշյա պաշտոնյաներն ի ցույց էին դնում ժողովրդից մեկը լինելու հանգամանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հեծանիվ էր վարում:
Իսկ ահա հեղափոխությունից երկու տարի անց նույն վարչապետ Փաշինյանը 300 մետր ճանապարհն անցնում է զրահապատ մեքենաներով:
Երկու տարի անց Փաշինյանի թիկնապահները չեն թույլատրում հպարտ քաղաքացիներին մոտենալ վարչապետին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նույնպես հեծանիվի մեծ երկրպագուներ էին:
Հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, Արսեն Թորոսյանը նախընտրում է երթևեկել 7 միլիոն դրամ արժողությամբ Պռադոյով:
Հայկ Մարությանը ժամանակին խոստանում էր աշխատանքի գնալ բացառությամբ երթուղայինով: Անգամ մեկ դեպք եղավ, որ պահեց իր խոստումը: Սակայն, դա առաջին և վերջին դեպքն էր:
Նույնը կարելի է ասել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մետրոյով գործից տուն գնալու մասին: Նման մեկ դեպք է եղել, իսկ հիմա տեղեկություն է տարածվում, որ նախարարը շրջում է թիկնապահներով, դեռ մի բան էլ ոստիկանական ուժեր է տեղակայել իր տան մոտ, թերևս, վախենալով ԲՈՒՀ-ից դուրս մնացած երիտասարդների ցասումից:
Թավշյա պաշտոնյաների շոուները շատ արագ սպառվեցին, և վերջիններս դարձան այն նույն կարգի օլիգարխիկ չինովնիկներ, որոնց այդքան ջանասիրաբար մերժում էին հեղափոխության օրերին…