Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից։
«Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետև մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը: Կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, և հույս ունեմ, որ այսպես կշարունակվի: Այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է»,- ասաց Աննա Հակոբյանը։
Վարչապետի տիկինը շեշտեց, որ կառավարությունն այսօր խնդիր չունի որևէ խոսք ճնշելու:
«Նախկինում էլ, մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր սեփական օրակարգով պայմանավորված այդ հայտարարությունն արել են, թե դա արվում է հենց իրենց ճնշելու համար, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը խնդիր ունի որևէ խոսք ճնշելու, ուղիղ հակառակը, քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ, եւ պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել»,- ասաց նա: