Hraparak.am-ը գրում է.

«Զարեհ Սինանյանի՝ ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակման մասին օդում կախված տեղեկությունները միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից՝ ԼԳԲՏ անձանց հետ կապ ունենալու տեսանկյունից։

Համացանցում լուսանկարներ տարածվեցին, որոնցում Զարեհ Սինանյանի հետևում ԼԳԲՏ անձանց դրոշն է: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր սկսեցին տարածել նկարները՝ մատնանշելով Սինանյանի ԼԳԲՏ ակտիվիստ լինելու փաստը, մյուսներն էլ հակադարձեցին՝ ասելով, որ նկարը ֆոտոշոփի արդյունք է:Մինչդեռ ուսումնասիրելով Զարեհ Սինանյանի կենսագրությունը՝ պարզ է դառնում, որ վերջինս կապ ունի ԼԳԲՏ համայնքի հետ, և տարածվող նկարները կեղծ չեն:

Դեռևս 2017թ. Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հպարտորեն հայտարարում է այն մասին, որ LGBTQIA անձանց խտրականությունը դատապարտող բանաձև է ընդունվել, և շնորհակալություն է հայտնել գլենդելցիներին իրեն քաղաքային խորհրդի անդամ ընտրելու և իրենց ու բազմազան համայնքներին ներկայացնելու հնարավորություն տալու համար:

Գրառումը փաստում է այն մասին, որ լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ' Սինանյանը լայնորեն աջակցել է ԼԳԲՏ անձանց և նպաստել նրանց դեմ խտրականությունը դատապարտող բանաձևի ընդունմանը:
Իսկ 2018թ. Equality Armenia-ի կողմից ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար Սինանյանը արժանացել է մրցանակի:

Նշենք, որ Equality Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը իր առջև նպատակ է դրել հավասար ամուսնության պայմաններ ստեղծել Հայաստանում, ինչը թույլ կտա օրինականացնել ԼԳԲՏ անձանց ամուսնությունները: Կազմակերպությունը աջակցում և խրախուսում է հայաստանյան համայնքներում կառուցողական երկխոսությունը ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքների և օրենքի առաջ հավասար պաշտպանության վերաբերյալ»։