Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամի» հետ համագործակցող իրավապաշտպանները և ՀԿ ղեկավարները խիստ նեղվել են Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստից: Հաստկապես սրտնեղած էր «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում չզլացավ նշել՝ ժողովրդավարության բաստիոնի այլևս չենք ձգում, լավագույն դեպքում` կղզյակ ենք: 

 


Սրտնեղած էին նաև Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը: Ըստ նրանց` Լուկաշենկոյին կարող էր շնորհավորել միայն ժողովրդավարությունը չհարգող և ավտորիտար լիդերը: 

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը Արցախ սորոսականների դեսանտ էր ուղարկում, նրանք չէին բողոքում: Դանիել Իոաննիսյանը ողջունում էր այդ աննախադեպ և ժողովրդավարական քայլը: «Տարիներ շարունակ Եվրոպական միությունը, որպես ժողովրդավարական արժեքներ կրող ու տարածող սուբեկտ, աջակցում էր Հայաստանում ընտրությունների որակի զարգացմանն ու դիտորդական առաքելության իրականացմանը: Բայց այժմ ժողովրդավարության տարածման հերթը Հայաստանինն է և ՀՀ Կառավարությունը հենց նոր որոշեց գումար հատկացնել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի:Մենք ակտիվորեն սկսում ենք աշխատել Արցախում և իրականացնելու ենք ոչ միայն դիտորդական առաքելություն, մեդիա-մոնիտորինգ ու ընտրողների կրթություն, այլև աջակցելու ենք Արցախի պետական մարմիններին՝ բարձր որակի ընտրություններ իրականացնելու համար»- գրել էր Իոաննիսյանը: 

Հաջորդ գրառմամբ էլ Իոաննիսյանը հարձակվում էր ԱԱԾ նախկին պետի վրա` պնդելով, որ Փաշինյանը ժողովրդավարական լիդեր է, ով լավ գիտի, թե ինչպես է պետք կառուցել պետություն: «Վանեցյանը ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ չի հանում պետականաշինությունից, առաջնայինը չի տարբերում երկրորդականից և այլն:Անասնաբուծի դիպլոմով ու հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ի Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնին հասած մեկը, ում օրոք երկրի ղեկավարին են գաղտնալսել, համարում է, որ Նիկոլ Փաշինյանից լավ գիտի, թե ինչպես կառուցել պետություն»,- գրել էր նա: 


Նույն Իոաննիսյանն էր, որ պաշտպանում էր Փաշինյանի հարձակումները եկեղեցու և եկեղեցու սպասավորների դեմ` պնդելով, որ այդ քաղաքականությունը ոչ միայն ճիշտ է, այլ նաև կրոնների հավասարությունը պետք է սահմանվի սահմանադրությամբ, իսկ դա ենթադրում է հայ առաքելական եկեղեցու դիրքերի թուլացում: 


Մեկ այլ սորոսական Արթուր Սաքունցը հայտարարում էր, որ «2020 թվականը այն կետն է լինելու, որն այլևս ամրագրելու է ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնման անդարձելիությունը»: 


Նույն Սաքունցը գովաբանում էր իշխանությունների կողմից համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքներն ու ազատությունները չսահմանափակելը: «Կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով տեղեկատվության տարածման սահմանափակումներից հրաժարվելը, տեղեկատվության տարածման, կարծիքի արտահայտման ազատության ապահովումը, չնայած նաև ապատեղեկատվության տարածմանը նպաստեց, բայց հենց տեղեկատվության ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը հանդիսացավ ապատեղեկատվության հետևանքների չեզոքացման երաշխիքը։ Սա կարևոր դաս է. ժողովրդավարության արժեքների ապահովման մեջ է ժողովրդավարության պաշտպանության երաշխիքը»,- գրել էր Սաքունցը։ 

Մեկ այլ սորոսական Լևոն Բարսեղյանը հայտարարում էր, որ «իդեալական իշխանություն չկա, բայց այս և նախորդ իշխանությունների միջև կան տարբերություններ»: «Իշխանության անկանխատեսելիությունը փոխարինվեց կանխատեսելիությամբ: Սա շատ կարևոր տարբերություն է: Կոռումպացված իշխանության փոխարեն ունենք առայժմ չկոռումպացված իշխանություն: Ցինիկ իշխանության փոխարեն ունենք համեստ իշխանություն»: 

Ինչ է ստացվում, սորոսականները հերթական անգամ ի ցույց են դնում իրենց երկակի ստանդարտները. ամիսներ առաջ ժողովրդավարական լիդեր հռչակված Փաշինյանին այսօր նույն սորոսականները պիտակավորում են իբրև ավտորիտարի: Պարզ է, որ սորոսականները առաջնորդվում են իրենց նեղ քաղաքական օրակարգով և շահերով, և սա ասվածի հերթական վառ ապացույցն է: