Այսօր Կառավարությունը կայացրեց արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին որոշում, որն, ըստ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ավելի վաղ արած հայտարարության, կարող է լինել վերջին երկարաձգումը: Իհարկե, ամեն ինչ կախված է համաճարակային վիճակից:
Այդուհանդերձ, Կառավարությունը, երկարաձգելով արտակարգ դրությունը, հանեց դրա ընթացքում հավաքներ, ցույցեր, գործադուլներ անելու արգելքը: Ինչ է սա ենթադրում. նախ և առաջ Կառավարության այս քայլը պետք է դիտարկել իբրև մեսիջ Նիկոլ Փաշինյանից իր քաղաքական ընդդիմադիրներին: Վերջիններս արդեն ստիպված են մտնել խաղի մեջ և ցույց տալ, թե ինչով էին իրենց խանգարում սահմանափակումները:
Իսկ արդյո՞ք ընդդիմությունն այս փուլում այնքան միատարր է, որ պատրաստ է նման համախմբված պայքարի: Չմոռանանք նաև, որ ինքը` Նիկոլ Փաշինյանը, կարող է կազմակերպել իր կողմնակիցների հանրահավաքներ՝ ի պատասխան հնչող քննադատությունների և դրանով իսկ ցույց տալ, որ ունի հանրային աջակցության որոշակի պաշար: Եթե ընդդիմությունը չգնա ակտիվ քայլերի՝ դրանով իսկ կապացուցի իր քաղաքական անճարությունը, մի բան, ինչը ձեռնտու է Փաշինյանին:
Բացի այդ, հավաքների թույլատրումը հղի է նաև բախումներով, իսկ միթե՞ հենց դա չէր ենթադրում հասարակությանն ի սկզբանե սևերի և սպիտակների բաժանելու քաղաքականությունը և նման սցենարը նույնպես ձեռնտու է իշխանություններին: Համացանցն, ի դեպ, ակտիվորեն քննարկում է Կառավարության այս որոշումը՝ տակը տողատակ տեսնելով, ինչպես տեսնում ենք՝ հանրությունը այնքան էլ հեռու չէ Կառավարության իրական մոտիվացիան բացահայտելուց…