Բոլորի մոտ տպավորություն է, թե իմ դեմ հաղորդում ներկայացրած անձը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, բայց դա նրա հետ որևէ առնչություն չունի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով Armlur.am-ի հրապարակած տեղեկությանը, թե այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը և ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ հայտնելով, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել:
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, քանի որ հաղորդման վերաբերյալ տեղեկացել է այսօր և դրա վերաբերյալ դեռ ծանուցում չի ստացել. «Խոսքը ոմն Արարատ Միրզոյանի մասին է, որը չգիտեմ՝ ով է, ինչ է ուզում: Ես երկուշաբթի օրը լինելու եմ ոստիկանությունում և կծանոթանամ նյութերին: Գրված էր, թե իբր սպառնացել եմ, կարծում եմ` սա ինձ լռեցնելու նպատակ է հետապնդում, թե ինչ` չգիտեմ: Ոստիկանության գնդապետը ինչպես կարող է որևէ մեկին սպառնալիք տալ»,- նշեց նա:
Շիրինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ միանշանակ է այն, որ խոսքը ԱԺ նախագահի մասին չէ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ սպանության սպառնալիքի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժին քաղաքացու կողմից հաղորդում է ներկայացվել, հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում :