Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբեկյանը իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Ամուլսարի շուրջ վերջերս իրականացված գործողություններին և «Լիդիան Արմենիայի» գործունեությունը վերսկսելուն։ Ըստ Նասիբեկյանի՝ խայտառակություն է, որ 2 տարի ոստիկանությունը ոչինչ չի արել խոշորագույն ներդրողի տարածքներ ներխուժած մի խումբ անձանց իրենց գույքով այդ տարածքից դուրս վտարելու համար։ Իրավաբանը նաև նշել էր, որ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները ետ են հրավիրվել՝ իրենց աշխատանքները վերսկսելու․ «Մի խումբ մարդկանց ուղղորդված զոռբայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ տասնյակ միլիոնավոր ներդրումների օրինական իրականացման համար»,-ասել էր նա։
Բնապահպան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ԼՈՒՐԵՐ․com- ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ չէ, որ տվյալ մարդու հարցազրույցները իր մոտ ծիծաղ են առաջացնում, իր՝ ոչ պրոֆեսիոնալ իրավաբան լինելու պատճառով. «Նասիբեկյանի հայատարարություններին ինչպես նախկինում, այժմ էլ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև իր խոսքում չկա որևէ պրոֆեսիոնալ խոսք, ես տեսնում եմ միայն ջղաձգումներ։ Նախ նշեմ, որ ասում են, թե տարածքը ամբողջովին պատկանում է «Լիդիանին», ես GPS ասված ստուգման ժամանակ ներկա եմ եղել, ու իրանց տարածքը ավարտվել ա Ջերմուկ բարձրացող մայրուղու հոծ գծի վրա։ Այսինքն՝ այս դեպքում մենք պետք է շնորհակալ լինենք, որ «Լիդիանը» իր վագոն տնակները չէր դրել մայրուղու վրա։ Ի դեպ, հենց այն, որ իրենց տարածքն ավարտվում էր մայրուղու վրա, բավական է կարծելու, որ գոյություն ունի կոորդինատների անճշտություն»,-նշեց ակտիվիստը։
Նա անդրադարձավ նաև իրավաբանի այն որակավորմանը, թե իրենց գործունեությանը խոչընդոտում են միայն մի խումբ մարդիկ․ «Հանրությունը շատ լավ տեսնում է՝ այնտեղ մի խումբ մարդիկ են, թե ժողովուրդ է կանգնած, ինչը փաստում է հանրագիրը, որում 3000 ստորագրություն կա, այդ հանգամանքը փաստում է նաև համացանցում և իրական կյանքում հանրության արձագանքը։ Այս ամեն ինչը նոր չէ սկսվել, նրա համար է, որ մենք փորձենք ապացուցել, թե այստեղ մի խումբ մարդիկ չեն»,-ընդգծեց Բունիաթյանը։
Ըստ նրա՝ ինչպես «Լիդիանն» է առաջ քաշում աշխատանքի մասին իր իրավունքերը, այնպես էլ իրենք են պաշտպանում իրենց իրավունքը, այն է՝ մաքուր միջավայրում մարդու ապրելու իրավունքը, որը նախատեսված է Սահմանադրությամբ․ «Մարդը ուղղակի պարտավոր է միջոց ձեռնարկի, և մենք Սահմանադրությամբ մեզ տրված լիազորությունների սահմանում խաղաղ ակցիաներ ենք իրականացնում»,- ասաց ակտիվիստը։
Մեզ հետ զրույցում Շիրակ Բունիաթյանն անդրադարձավ նաև պահնորդական զորքերին, նշելով, որ պետության ներսում չի կարող ապօրինի զորք գոյություն ունենալ․ «Նշյալ անձինք իրենց պահում են որպես զինվորներ, որոնք չեն պատկանում ՀՀ բանակին։ Իրենց հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին, բայց սա դնենք մի կողմ, իրենց կողմից շատ են սադրիչ գործողությունները, ինչին ականատես են եղել նաև ոստիկանները, օրինակ՝ ինչպես են նրանք շղթաներ վերցնում և փորձում հարձակվել ժողովրդի վրա: Այն 30 օրը, երբ նրանք այստեղ են եղել, ամեն օր ժողովրդի հետ բախումներ են եղել, իրենք' անտեսելով ճանապարհի վրայի շներին, ուղղակի կոխրճելով սատկացրել են շան ձագերին ու առաջ շարժվել, սադրիչ դեպքերի օրինաները շատ են»,- պատմեց Բունիաթյանը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ «Լիդիան»-ը ստում է՝ հայտարարելով, որ աշխատակիցները ետ են հրավիրվում աշխատանքները վերսկսելու․ «Այդ հայտարարության իմաստը այն է, որ ուղղակի ցույց տան, թե պրոցեսներ են գնում։ Դրանք ցուցադրական պրոցեսներից ավել չեմ գնահատի։ Ամեն ինչ տանում է նրան, որ «Լիդիան Արմենիան» մենա՜կ ա, մենա՜կ ա, մենա՜կ ա»,-եզրափակեց ընդդեմ Ամուլսարի շահագործման ակտիվիստը։
Զվարթ Պետրոսյան