Վրաստանի հայաբնակ Ախալքալակի մարզի Կուլիկամ գյուղում այսօր` օգոստոսի 16-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել: Գյուղացիները բողոքում էին օրեր առաջ ողբերգական միջադեպի գործով գյուղի երիտասարդներին քննչական բաժին կանչելու հետ կապված:

 

Նշենք, որ ողբերգական ավարտ ունեցած միջադեպից մահացածը հենց հայաբնակ Կուլիկամ գյուղից էր:

Կուլիկամի բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում և պահանջում են, որ իրենց հանգիստ թողնեն իրենց վշտի հետ, և, որ իրենք պատրաստ են ամբողջ գյուղով հարցաքննության գնալ:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա ՎարդՄիրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Տեղում մոբիլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկանության ստորաբաժանումներ:

Սպանության գործով կալանավորվել է Արթուր Գաբրիելյանը, սպանության և զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը շարունակվում է:

Տեսանյութը` ATV12 –ի: