«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանն իր համախոհների հետ կրկին Կենտրոնական բանկի դիմաց է, պահանջը մնում է անփոփոխ՝ տրամադրել մեկ տարի վարկային արձակուրդ: «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան մնացած անգամներից տարբերվում է նրանով, որ ակտիվիստները որոշել են այս անգամ նստացույց իրականացնել, այնքան ժամանակ, մինչև որ Կենտրոնական բանկից որևէ մեկը իրենց պատասխան չտա:
«Թող գան տեսախցիկների առաջ խոսեն, եթե մենք սխալ ենք, թող դատավոր լինի ժողովուրդը: Մենք 24 ժամ՝ գիշեր-ցերեկ ստեղ ենք լինելու, թող իրենք իջնեն ու խոսեն տեսախցիկների առջև»,-նշեց Մանուել Մանուկյանը:
Մեկ այլ ցուցարար էլ պատմեց իր գլխին եկածը. «Տունս «Արդշին բանկում» գրավ ա դրված, ես մուծում եմ տոկոսները, բայց գումարը չի իջնում, որովհետև բանկերում թալան ա: Եթե էս վիճակը շարունակվի, պարզ ա, որ մարդիկ կմնան անօթևան: Ստեփանավանի «Արդշին բանկը» 500.000 դրամ ա իմ վրա ավել գրել, ինձ հոգեբուժարան են ուղարկել, 4 անգամ ինձ ձերբակալել են, ինչ ա՝ իրանց մութ գործերը չբացահայտեմ, բայց մեկ ա ես մինչև վերջ բողոքելու եմ»,- նշեց ակտիվիստը:
«Մենք գիտակցում ենք, որ իրենք մեզ թալանել են, մենք պահանջում ենք վարկային արձակուրդ, այսինքն՝ թո´ղ տոկոսները սառեցվեն և մենք վճարենք միայն մայր գումարը, և թո´ղ որ դադարեն մեզ թալանել: Համաշխարհային բանկը Հայաստանին մեկ տարի արձակուրդ ա տվել, իսկ Հայաստանը խի՞ չի տալիս էդ արձակուրդը մեզ: Ես ասել եմ չէ, որ մինչև վերջ գնալու եմ, ուրեմն էդպես էլ լինելու ա, ասե՞լ եմ, որ էստեղ Կենտրոնական բանկի դիմաց ենք քնելու, տենց էլ անելու ենք, ես վստահ եմ, որ էն հազարավոր քաղաքացիները, որ դիմել են ինձ, միանալու են մեզ»,- ասաց Մանուել Մանուկյանը: