Նիկոլ Փաշինյանի՝ BBC HARDtalk-ին տված հարցազրույցը լայն քննարկումների առիթ դարձավ: Շատերը նրա և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ 2019 թվականին նույն հաղորդմանը տված ձախողված հարցազրույցում էական տարբերություններ չեն տեսնում, ոմանց կարծիքով էլ Փաշինյանը տալիս էր արժանի պատասխաններ:

 

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, նախ, անդրադառնանք վարչապետի՝ կորոնավիրուսի վերաբերյալ հնչեցրած պատասխանին․ հաղորդավարը հարց ուղղեց Վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինիս կառավարության կողմից համաճարակի դեմ ուղղված ջանքերը փաստում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իսկական ձախողում էր: Վարչապետը պատասխանեց, որ դեռևս վաղ է եզրակացություններ անել այդ մասին, և հայտնեց, որ իր ռազմավարությունն արդյունավետ է մեր երկրի համար: Հարցազրուցավարն էլ իր հերթին նշեց, որ նույնիսկ տեղացիներն են պնդում՝ վիրուսի պատճառով մահացության մակարդակը վեց անգամ ավելի բարձր է Հայաստանում, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը, նման պատասխան տալով, («դեռ վաղ է գնահատական տալ») չթուլացրե՞ց ՀՀ-ի վարկանիշը։

- Իհարկե, բայց անգամ դա չէ այստեղ հարցը: Հարցն այն է, որ, եթե այս վարչապետը հետևեր համաշխարհային անցուդարձին կամ գոնե իրեն տեղեկացնեին՝ կիմանար, որ Մեծ Բրիտանիայում հենց այս ողջ ընթացքում նույն թեման է քննարկվում: Եվ հետաքրքիրն այն է, որ Բրիտանիայում նման անհեթեթ պատասխան իշխանությունը չի հնչեցնում: Փոխարենը փորձում են իրենց մասով և իրենց չափով պայքարի ձախողումն այլ պատճառներով բացատրել, բայց չեն ասում, որ դեռ վաղ է գնահատականներ տալը: Որովհետև՝ ցուցանիշը ցուցանիշ է: Մնացածը հայաստանյան էժանագին բլեֆների ոլորտից է:

-Արդյո՞ք վարչապետը չպետք է նշեր, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն քննիչ հանձնաժողով է ստեղծվել․ նման պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով, այս մասով ի՞նչ կարծիքի եք։

- Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունները միջազգային հեռուստադիտողին ամենևին հետաքրքիր չեն: Ժողովրդավարությունից էլ ցավում են նրանք, որոնք հեռու են ժողովրդավարությունից: Այս իշխանությունը Հայաստանում այդպես էլ չհաստատված ժողովրդավարությունը դարձրել է դրոշակ և թափահարում է ամենուր: Իսկ դա շատ նման է այն բանին, երբ գողը բոլորից բարձր է գոռում. «բռնե՛ք գողին»: Ընդ որում, քանի որ դրսում հիմար չեն՝ հրաշալի հասկանում են, թե այդ «գողը», իսկ տվյալ պահին գոյություն չունեցող ժողովրդավարությունը որտեղ է: Իրականում՝ քանի որ չկար և չէր կարող լինել հոդաբաշխ բացատրություն, թե ինչու են Հայաստանի թվերն այդքան բարձր, իսկ վիճակը վատ՝ անհրաժեշտ էր լինել անկեղծ և ասել ու խոստովանել, որ այս մի հարցում, գոնե, տապալել են: Դա կարող էր անել մեղմ ձևով՝ ասելով, որ երկրի վիճակը վատ էր քաղաքականապես, հեշտ չէր մոբիլիզացվելը և այլն: Բայց նման պատասխանը ծաղր էր, որ դարձավ ծաղր՝ սեփական հասցեին: Հեռուստադիտողն անմիջապես հասկացավ, որ էժանագին արդարացման հետ գործ ունի, որովհետև դա շատ սպիտակ թելերով կարված պարզամիտ բացատրություն էր, և որ ամենակարևորն է՝ սուտ բացատրություն:

Խոսենք հայ–ադրբեջանական սահմանին հուլիսյան ռազմական սրացման մասին։ Դուք ֆեյսբուքում գրառում էիք արել, որ Զոհրաբ Մնացականյանի ղեկավարը BBC-ի եթերում, ըստ էության, ընդունեց այն սուտ մեղադրանքը, որ իբրև թե հայկական ուժերը Արցախում պատերազմի սկզբում ռազմական հանցագործություններ են գործել: Պարոն Մարտիրոսյան, սա առավել մանրամասն կներկայացնեք: Եվ նաև՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի՝ նույն հաղորդմանը տված հարցազրույցից հետո նույնպես արժանացավ քննադատությունների․ հաղորդավարը վերջինիս ուղղել էր այն հարցը, որը տվեց նաև վարչապետին․ դա վերաբերում էր պատերազմական հանցագործություններին․ վարչապետը, անդրադառնալով այդ թեմային, նշեց միայն Սումգայիթի մասին, այնինչ, չե՞ք կարծում, որ պետք է շեշտեր՝ հայկական ուժերը ոչ թե հանցագործություններ են գործել, այլ խափանել են Ադրբեջանի՝ Արցախում ցեղասպանություն կատարելու փորձը, այսինքն՝ ինքնապաշտպանվել են, և Ձեր կարծիքով ինչո՞ւ Փաշինյանը նման պատասխան հնչեցրեց։

- Ստիֆն Սաքուրի հարցին վարչապետը չպատասխանեց: Խուսափեց՝ ինչպես անգլերենում են ասում՝ «դաք» արեց: Իսկ այդ խուսափումը լռության, որն էլ այս պարագայում համաձայնության նշան էր: Կարիք չկար որպես պատասխան հիշատակել Սումգայիթը, ասելով, մոտավորապես, թե «իսկ իրենք էլ Սումգայիթ են արել»: Այո՛, իրենք Սումգայիթ արել են, բայց հայկական ուժերը երբեք և երբևէ պատերազմական հանցագործություններ չեն գործել, և դա հստակ պատասխան էր, որ այդպես էլ չհնչեց… Հենց դրանով էլ այս վարչապետն ուղղակի, փաստացիորեն, ընդունեց կեղծ և սուտ մեղադրանքը: Դա սարսափելի էր:

- Սահմանին հուլիսյան ռազմական սրացումը վարչապետը բացատրեց նրանով, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանը հերքեց Բաքվի պաշտոնական հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն է մարտական գործողությունները սադրել։ Նա կրկին ընդգծեց շփման գծում մշտադիտարկման համակարգ ներդնելու անհրաժեշտությունը, որպեսզի յուրաքանչյուր սրացումից հետո միջազգային հանրությունն իրադարձությունների երկու հակադիր վարկածներ չլսի։ Ձեր գնահատականը՝ նրա պատասխանի վերաբերյալ:

- Պատասխանն արդարացողական էր, մինչդեռ պետք է լիներ կտրուկ, մերժողական և հակահարձակումային: Այս իշխանությունը սեփական երկրի ներսում փռում է ասֆալտին, դրսում՝ փռվում ասֆալտին: Ընդ որում՝ ինքնափռվում: Ավելի տխուր տեսարան դժվար է պատկերացնելը: Շատ ցավալի է:

- Վարչապետը կարծում է, որ հնարավոր չէ խաղաղության հասնել Հայաստանի միակողմանի գործողությունների շնորհիվ։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրեց ռազմական հռետորաբանության և հակամարտությունն ուժով լուծելու փորձի մեջ։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

- Ստանդարտ խոսքեր էին, որ համատեքստում դարձյալ անհամոզիչ թվացին: Ընդհանրապես, վարչապետն ամբողջ հաղորդման ընթացքում հուսահատ պաշտպանվում էր: Պաշտպանվում էր շատ վատ և ուղղակի հարվածներ ընդունում:

- Նման պատասխաններ հնչեցնելով և ընդհանրապես չշահարկելով Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին, չհնչեցնելով Թուրքիա բառը, Ձեր կարծիքով, ՀՀ վարչապետը դիտավորյալ վարվեց, թե՞ նրան արգելված է հնչեցնել Թուրքիա և ցեղասպանություն բառերը, նկատենք, որ ցեղասպանություն բառը չհնչեցրեց նաև հարցազրուցավարը։ Նիկոլ Փաշինյանը նաև կարծում է, որ կարող է Իլհամ Ալիևի հետ գալ կոմպրոմիսի․ արդյո՞ք նման բան հնարավոր է։

- Կարծում եմ՝ հնարավոր է: Այս իշխանությունը, խորքում լինելով տերպետրոսյանական, միշտ գաղտնի հույսեր է փայփայում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի իրավիճակում կկարողանա լեզու գտնել և, հետևաբար, ինքը երբեք, թեկուզ խոսքային դաշտում, հարձակման չի անցնում: Դա լևոնիզմի հիմնադրույթներից է: Եթե հիշում եք՝ «քիրվայությունը», դրա հնարավորությունը: Այստեղ զարմանալու ոչինչ չկա, այս մարդն այդ գաղափարներով է ձևավորվել:

- Ամփոփենք հարցազրույցը․ պարոն Մարտիրոսյան, Դուք նշել եք, որ նման ևս մեկ այսպիսի հարցազրույց, և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների մի երկիր, որտեղ բարբարոսներ են ապրում և որ հետաքրքիր է` նաև ղեկավարում․ արդյո՞ք այս հարցազրույցը բավական չէր՝ նման կարծիք ձևավորելու համար։

- Իհարկե բավարար էր: Այդ հաղորդումից արդեն Հայաստանի մասին գաղափար չունեցողների մոտ, իսկ այդպիսիք աշխարհում բացարձակ մեծամասնություն են, այդպիսի տպավորություն ստեղծվեց, անշուշտ: Ցավոք: Բայց ոչ բոլորն են աշխարհում դիտել այն: Այդպիսի ևս մի քանի հաղորդում, և Հայաստանի վարչապետն ինքն իր ձեռքով Ադրբեջանի երազանքը՝ բարոյապես հողին հավասարեցնել Հայաստանը, իրականություն կդարձնի: Դա դառն է, բայց ճշմարտություն է: Ճշմարտությունը լսել և մարսել պետք է մենք սովորենք: Հակառակ դեպքում՝ կմնանք այն գարշահոտ ճահճում, որում հայտնվել ենք: