Երեկ՝ կեսգիշերն անց, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։ Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, սպառնացել են փակել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահմանi միջպետական նշանակության ճանապարհի՝ Ջրարբի գյուղի հատվածը, քանի որ այն վտանգավոր է դարձել կամրջի վրա առաջացած հսկայական փոսի պատճառով։
ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկությունը պարզելու համար զրուցեց Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ, որn ասաց` ոչ մի ճանապարհ չի փակվել գյուղացիների կողմից. «Մարդիկ, անվտանգությունից ելնելով, մեքենան կանգնեցրել են կամրջի փոսի դիմաց, որ մեքենաները չգնային ու չընկնեին փոսի մեջ: Երեկ 4-5-ի կողմերը կամրջի մի հատվածը փլուզվեց, իսկ երեկոյան արդեն եկան ճանշինից, նայեցին ու համապատասխան անվտանգության նշանները տեղադրեցին: Իսկ առավոտյան արդեն եկան մարզպետարանից, տարածքային կառավարման նախարարությունից, ճանշինից ու որոշեցին, որ ոչ թե այդ փոսի հատվածը պետք է վերանորոգվի, այլ ամբողջ կամուրջը՝ նոր կամուրջ կառուցվի»,- պարզաբանեց համայնքի ղեկավարը:
Ղազար Ղազարյանը նշեց՝ թեև կամրջի քանդված հատվածը երթևեկությանը վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, պետք է հուսալ, որ կամուրջը նոր հատվածից չի փլուզվի: Մեր այն հարցին՝ եթե կա կամրջի փլուզվելու մտավախությունը, արդյոք վտանգավոր չէ՞ շարունակել տվյալ հատվածի երթևեկությունը, պատասխանեց. «Մենք հույս ունենք, որ կամուրջը չի քանդվի, որովհետև քանդվել էր կամրջի նոր ու հին հատվածի մեջտեղի մասը, ինչի պատճառն էլ՝ հին ու նոր երկու կամուրջների վատ բետոնացիան էր: Մասնագետները եկան, նայեցին ու ասացին, որ վտանգավոր չի երթևեկությունը»,- նշեց նա:
Ըստ համայնքի ղեկավարի՝ կամուրջը մեկ ամսվա ընթացքում ամբողջվին կվերանորոգվի: