ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է օտարերկրացիներիների՝ ՀՀ այցելության դեպքում նախատեսվող ընթացակարգը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան:

1․ Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։
Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։

2․ Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն:

Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։
ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։