Վերջերս կառավարությունն օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկում որոշում է կայացրել, և պետական բոլոր գերատեսչություններին՝ նախարարություններին, նախարարությունների և կառավարության ենթակա մարմիններին, մարզպետարաններին և վարչապետին ենթակա մարմիններին հանձնարարվել է 2020 թվականի պետական բյուջով առաջին կիսամյակի համար հատկացված, բայց դեռ չծախսած ֆինանսկան միջոցներն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ։ Սակայն ուշագրավ է, որ պարզվել է՝ մեր գերատեսչությունները այնքան գերխնայող են եղել, որ այսօր պահուստային ֆոնդ վերադարձնելու ոչ մի լումա չունեն: Կամ էլ պատճառաբանում են, որ այդ վերադարձը լուրջ ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնի իրենց: Փաշինյանի վերջին ելույթներից տպավորություն էր ստեղծվում, որ նախարարությունները գումար ունեն, սակայն ծրագրեր չունեն, փողը ինչպես ասում են՝ քչություն չի անում:
Մինչդեռ հիմա, երբ եկել է պահուստային ֆոնդ ավել մնացած գումարները վերադարձնելու պահը, պարզվում է մեր նախարարությունները կամ արդեն գերծրագրեր են իրականացրել և ծախսել են այդ փողը, կամ պատրաստվում են գերծրագրեր իրականացնել: Իսկ գուցե գումարները ծախսվել են ոչ նպատակային, կամ ավելի վատ՝ մտել են ինչ-ինչ պաշտոնյաների գրպանները և դա է պատճառը, որ այսօր նախարարությունները խեղճ ու աղքատ բարեկամի կարգավիճակում են: Պահուստային ֆոնդ գումար չի վերադարձնելու անգամ ոստիկանությունը, որը թվում էր շուրջ կես միլիարդ դրամի տուգանք է հավաքել քաղաքացիների հաշվին, թվում էր' ոստիկանությունը փողի խնդիր չպետք է ունենար: Գումար չունի վերադարձնելու նաև Միջուկային անվտանգության կառավարման կոմիտեն, որի գոյության մասին վստահ ենք՝ քաղաքացիների մեծ մասը անգամ տեղյակ էլ չեն: