Ի տարբերություն շատ շատերի՝ ես ոչ այնքան Արայիկ Հարությունյանի հրաժարականն եմ պահանջում, ինչքան նրա վարած քաղաքականության հրաժարականը։ Այս մասին այսօր ԿԳՄՍՆ -ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։
«Մենք տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն չի փոխում իր վարած քաղաքականությունը, այլ վարչապետի նման ասում է, ով ինչ ասի, մենք մեկ է անելու ենք։
Ես դա մերժելի եմ համարում։ Ինչու եմ համարում մերժելի նրա քաղաքականությունը, որովհետև նա ամբողջովին ուզում է հեղափոխել մեր արժեհամակարգը և սկսում է դա դպրոցներից, նախակրթարաններից։ Ես դատապարտում եմ նրա այս քաղաքականությունը։ Ես կոչ եմ անում չշարունակել նախկինների վարած քաղաքականությունը՝ դպրոցները քայքայելու ուղղությամբ։ Ամեն անգամ ասում են՝ ի՞նչ է դուք համաձայն եք նախկինների հետ, ո′չ, այդ դուք եք համաձայն և շարունակում եք նրանց քայքայիչ գործողությունները»։
Հարցին, թե ի՞նչ է կարծում նախարարը կզիջի իր դիրքերը, Ալավերդյանը պատասխանեց․ «Նա մտածում է, թե ինքը հավերժ է, դա ինձ համար զարմանալի է, գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ հավերժ պաշտոններ չկան»,-ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ն պարտավոր է բոլոր արտախորհդարանական ուժերի, ինչպես նաև միջազգային լավագույն մասնագետների հետ նստել երկխոսության։
«Նրանք պարտավոր են բանակցել այն քաղաքացիների հետ, որոնք դեմ են այդ չափորոշիչներին, ոչ թե նրանց հետ, որոնք համաձայն են»,-եզրափակեց Ալավերդյանը։
Նշենք, որ ԿԳՄՍՆ-ի դիմաց հավաքվել են քաղաքացիներ, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նրանք վանկարվում են՝ «Արայիկ, հեռացիր»։