Հայաստանցի զբոսաշրջիկները սոցցանցերում խմբեր են բացել և հայտնում են, որ խաբվել են «Beauty of Armenia» տուրիստական ընկերության կողմից։ Բանն այն է, որ տուրընկերությունը գայթակղիչ առաջարկ է ներկայացրել, այն է՝ X քանակով գիշերակաց Հայաստանի ցանկացած հյուրանոցում պատվիրելու դեպքում կստանան նույնքան գիշերակաց նվեր։ Ըստ գովազդի՝ ակցիայի շրջանակում ձեռք բերված փաթեթները հաճախորդները կարող էին օգտագործել օգոստոսի 30-ից սկսած։ Սակայն ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը Հայաստանում ամրագրումներ անելու համար փոխանցած գումարները վերցրել ու անհետացել է։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տուժածներից բժշկուհի Համեստ Աղաբաբյանը պատմեց, որ տուժածների թիվն այս պահի դրությամբ 100-ից ավելի է, գումարը ընդհանուր 6 մլն դրամի սահմանն անցնում է, սակայն կան բազմաթիվ անձինք, որոնց հանգստյան օրերը առջևում են և դեռ տեղյակ չեն, որ խաբեության զոհ են դարձել։ «Առաջարկը միանգամից հետաքրքրեց, զանգահարեցի, պայմանավորվեցի Ջերմուկում և Թեժ լեռում հանգստանալու համար։ Ապահովության համար կապ հաստատեցի նաև հյուրանոցների հետ, որտեղ պետք է մնայինք, հետաքրքրվեցի՝ արդյո՞ք իրենք համագործակցում են «Beauty of Armenia»-ի հետ, թե ոչ, երբ դրական պատասխան տվեցին՝ ասելով, որ նախկինում խնդիրներ չի առաջացել, վստահություն ներշնչեցին։ Փոխանցեցի 246 000 դրամ։ Սակայն, երբ ծանոթներս օգոստոսի 30-ին պետք է գնային հանգստի, զանգահարում են հյուրանոցներ և պարզում է, որ գումարները փոխանցած չեն, զանգահարում են Վահե Շահվերդյանին, տուրընկերության օպերատոր աղջիներին, սակայն բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են լինում, ֆեյսբուքյան էջերը՝ ջնջված։ Օգոստոսի 28-ին ես զանգահարեցի այն հյուրանոցներ, որտեղ մենք պետք է մնայինք, սակայն փոխանցեցին, որ տուրընկերության հետ խնդիրներ են առաջացել, բոլոր ամրագրումները հանված են, քանի որ իրենց գումարներ չեն փոխանցել և կապի դուրս չեն գալիս»,- ասաց Համեստը՝ նշելով՝ հասկանալով, որ խաբեության զոհ են դարձել, դիմել են ոստիկանություն։

Տուժածներից Աստղիկ Աղայանն էլ պատմեց, որ պատահաբար մտել է «Beauty of Armenia»-ի ֆեյսբուքյան էջ և տեսել, որ էջն այլևս գոյություն չունի․ «80 000 հազար դրամ եմ վճարել Ծաղկաձորում 4 օր հանգստանալու համար և տուժել։ 2 մեծ, 1 երեխա, 2 անգամյա սնունդով կազմում էր 160 000 դրամ, այսինքն ակցիայով վճարել ենք դրա կեսը։ Երբ խոսում էի Վահե Շահվերդյանի հետ ու ասացի անհավանական ակցիա է, կես կատակ կես լուրջ քմծիծաղով պատասխանեց՝ «քցում ենք մարդկանց, փակվենք, գնանք», բայց արի ու տես հենց նման նպատակ էլ հետապնդում էր։ Ես պունկտուալ իմ վճարումներն ու փաստաթղթերը ուղարկեցի, բայց ինքը թերացավ։ Օնլայն տեսա, որ ամրագրում հյուրանոցի վրա արված չէ։ Մտածեցի անընդհատ չզանգահարեմ, հատկապես, ասացի ամրագրում արեք, մի քանի վայրկյան հետո ամրագրում արեց, բայց գումարը չփոխանցեց, հետո պատճառաբանեց, թե մեր հանգստի գնալուց 4 օր առաջ է վճարում անելու։ Հարցը միայն գումարը չէ, մենք հոգեպես շատ ճնշված ենք և մեզ խաբված ենք զգում։ Իմ երեխան սպասում էր, գերզբաղված ամուսինս հանգիստ էր վերցրել ու հայտնվում ենք այս իրավիճակում։ Մենք դիմել ենք ոստիկանություն, պարզվում է նախկինում նրա վրա գործ կա հարուցած և խնդիրներ են առաջացվել նաև այս տարվա հունվարին, երբ նրանց զբոսաշրջային փաթեթներով Վրաստան մեկնած զբոսաշրջիկները դրսում են հայտնվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ամենաքիչ գումարը 20 000 դրամն է, մարդիկ կան 450 000 դրամ են տուժել։ 

«Beauty of Armenia»-ից տուժածները Ֆեյսբուքում և Viber-ում խմբեր են բացել և փոխանցում են տեղեկություններ Վահե Շահվերդյանի և նրա ընտանիքի անդամների մասին՝ փորձելով ուղիներ գտնել նրան հայտնաբերելու համար։ Տուժածներն ասացին, որ գնացել են նաև նրա ծնողների տուն, սակայն նրանք ևս զարմացել են կատարվածից։ Տնօրեն Վահե Շահվերդյանի Ֆեյսբուքյան անձնական էջը ջնջված է, սակայն տուժած քաղաքացիները նրա անունով կեղծ էջ են բացել՝ փորձելով հասկացնել բոլոր մարդկանց, որ ընկերության կողմից խաբվել են։ 

Սոնա Հարությունյան