«Կարանտինը պետք է խելամիտ չափերի մեջ լինի, և անիմաստ չսահմանափակի տնտեսական գործունեությունը։ Արդեն հիմա, ունենալով համավարակի դեմ պայքարի և՛ համաշխարհային, և՛ հայաստանյան փորձը, կարելի է ասել, որ վարակը հիմնականում տարածվում է մարդկանց անմիջական, մոտ շփումից, և դա է պետք հնարավորինս սահմանափակել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի օրենսդրական փաթեթի ընդունմանը, որը թույլ կտա արտակարգ դրության ռեժիմը փոխարինել կարանտինով։
Ըստ նրա՝ բաց տարածքներում դիմակ կրելը և նմանատիպ այլ սահմանափակումները իրականում համավարակի տարածումը կանխարգելելու տեսանկյունից էական նշանակություն չունեն․ «Այդ սահմանափակումները հաճախ խանգարում են տնտեսական և հանրային կյանքին։ Ես հուսով եմ, որ կարանտինային միջոցառումները սահմանափակ ու թիրախային կլինեն, և Կառավարությունը կձգտի նվազեցնել դրանց բացասական ազդեցությունը տնտեսական կյանքի վրա»,- ընդգծեց Ավետիք Չալաբյանը։
Նրա կարծիքով Կառավարությունը սեփական բազմաթիվ սխալներից գոնե որոշ հետևություններ կանի, և հետագայում ավելի խելամիտ կգործի․ «Սակայն, եթե այնպես ստացվի, որ Կառավարությունը նորից սխալներ թույլ տա, ապա ընդդիմությունը հենց նրա համար է, որպեսզի հակազդի հանրային վնաս հասցնող գործողություններին, և Կառավարությանը ավելի արդյունավետ այլընտրանք առաջարկի»,- եզրափակեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Զվարթ Պետրոսյան