Միանգամից 2 դեղագործական ընկերություններ առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ չինական հնարավոր պատվաստանյութեր։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ասիական ԶԼՄ-ները։
Պատվաստանյութերը մշակել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունները։ Պատվաստանյութերի նմուշները ներկայացվել են Պեկինում ցուցահանդեսի ժամանակ։ Այս պահին պատվաստանյութերն անցնում են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։
Արտադրողները հույս ունեն դրանց օգտագործման թույլտվություն ստանալ մինչև 2020-ի վերջը։
Մայիսին Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը խոստացել էր, որ հաջող փորձարկումների դեպքում Չինաստանի կողմից մշակված պատվաստանյութերը կդառնան «համաշխարհային հասարակության բարիք»։
Ներկայումս ամբողջ աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 հնարավոր պատվաստանյութ։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը ստացել է Sputnik V անունը։