Լրագրողներին հայտնի է դարձել սեռական բռնության մասին, որը տեղի է ունեցել Gucci նորաձևության տան հիմնադիր Գուչիո Գուչիի ընտանիքում և երկար տարիներ թաքցվել է: Դեպքի մանրամասները հայտնում է New York Times-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Գուչիո Գուչիի ավագ որդու՝ Ալդո Գուչիի 35-ամյա թոռնուհին՝ Ալեքսանդրա Զարինին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Գերագույն դատարան' ընդդեմ իր ընտանիքի երեք անդամների: Իր հայտարարության մեջ նա մանրամասնում է 6-22 տարեկան հասակում իր խորթ հայր Ջոզեֆ Ռուֆալոյի կողմից կրած սեռական բռնությունները: Բացի այդ, կինը հանցակից է համարում իր մորը՝ Պատրիսիա Գուչիին և տատիկին՝ Բրունա Պալոմբոյին, ովքեր կոծկել են իրեն բռնացողին։
Բացի այդ, Զարինին նկարագրել է, թե ինչպես են հարազատները թույլ տվել խորթ հորը լողանալու ժամանակ լուսանկարել իրեն մերկ վիճակում, ինչպես նաև ծեծել են և ստիպել լռել՝ տարբեր սպառնալիքների միջոցով:
Պատրիսիա Գուչին հերքում է իր մասնակցությունը հանցագործությանը՝ վստահեցնելով, որ Զարինիի խորթ հոր հետ հարաբերությունները նա դադարեցրել է դեռ 2007 թ.-ին, հենց որ իմացել է նրա հանցանքի մասին: Ջոզեֆ Ռուֆալոն չի ընդունում իր մեղքը։