«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ էր գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցեցին խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերում էր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է:
«Խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել։ Նախարար Արայիկ Հարությունյանի հետ դեռ այդ թեմայի շուրջ հանդիպում չի եղել»,- ասաց Հովհաննիսյանը:
Նիստի ավարտից հետո այս հարցի շուրջ լրագրողների հետ զրուցել է խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը։
«Պարոն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ եղավ ընդհանուր բնույթի քննարկում, հանդիպման վերջում մտքեր փոխանակվեցին, անհրաժեշտ ծավալի տեղեկատվություն կտրամադրվի հետագայում»,- ասաց պատգամավոր Ուլիխանյանը։
ՔՊ կուսակցության գրասենյակի մոտ ՌԴ մեկնել ցանկացող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին: Նրանք իշխող կուսակցության պատգամավորներից պահանջում էին պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան մեկնել Հայաստանի Հանրապետությունից: Պատգամավորները ցուցարարներին հրավիրեցին ՔՊ գրասենյակ ՝ պատասխանելու նրանց հարցերին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք նույն պահանջով ցույց էին արել նաև ԱԺ-ի դիմաց: Նրանց հետ զրուցել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասել էր, որ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ: Հիմնական խոչընդոտը, սակայն, Վրաստանում ու Ռուսաստանում գործող սահմանափակումներն են: