Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ամենաժուժկալը լինի: Հեղափոխական իշխանությունն, ընդհանրապես, պետք է ճգնավորի պես աշխատի: Ինչո՞ւ է վարչապետն իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք, մի արաղ քիչ խմեք, այդ փողը տնտեսեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է շուրջ 250.000 դոլար:
«Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ասում են՝ ծախսը պետական գաղտնիք է, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որ այն գաղտնազերծվի ու դառնա թափանցիկ, բայց գալով իշխանության՝ մերժել են այդ նախագիծը: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա»,-նշեց ԼՀԿ ղեկավարը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ կատարված ծախսը պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն է պարունակում, և կառավորությունը չի հրապարակում գումարի չափը, Մարուքյանն ասաց. «Դա արվել է նախկին իշխանությունների կողմից, և այս իշխանությունը քննադատել է դա՝ մեզ հետ միասին: Հիմա եկել են իշխանության և նույն կերպ են վարվում»:
«Սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում: Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի որպես սխալ: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ որևէ հարցում, անգամ եթե սխալ է անում, զիջելու տեղ չունի: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել: Ինչ արվել է, ժողովրդավարական իշխանությանը հարիր չէ: Իշխանությունն ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ»,-ասաց ԼՀԿ ղեկավարը՝ անդրադառնալով վարչապետի գրառմանը, որում վերջինս ասում էր, թե իրենք աշխատում են, այդ ճանապարհին գուցե նաև սխալներ լինեն: